«Միավորումը Հայաստանում են դարձրել կեղծ կատեգորիա»,-այսօր՝ մարտի 24-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ պատասխանելով այն կարծիքին, որ միավորումը մի տեսակ կեղծ կատեգորիա է դարձել և դա ոչ մի արդյունք չի տալիս. «Ամբողջ աշխարհում փորձը ցույց է տալիս, որ միավորումը միշտ բերում է հաղթանակների: Մեզ մոտ խնդիրը նրանում է, որ միավորվում են ոչ թե գաղափարի շուրջ, այլ ամեն մեկն իր շահի համար, օրինակ ԱԺ գնալու, պորտֆել ստանալու և այլնի համար»:
Ինչ վերաբերում է նրան, թե կլինեն արդյոք մասնատումներ ՀՀԿ-ի ներսում, Քոչարյանն ասաց, որ իշխանության ներսում մասնատումները զանգվածային չեն լինում. «Կարող են լինել անհատներ, բայց զանգվածային չի լինի»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կարելի է ասել ԲՀԿ-ի մասին, որը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին, բանախոսն ասաց, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն «Բարգավաճ Հայաստանին», քանի որ Հայաստանում կան 70-ից ավել կուսակցություններ, բայց ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 2-3 կուսակցություն. «ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի օրոք ուներ ռեսուրսներ, սակայն հիմա այս կուսակցությունը մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ չունի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար»: Քոչարյանը նաև նշեց, որ ԲՀԿ-ն փորձում է շարունակել իր նախկին դիրքավորումը՝ խոսքը այլընտրանք լինելու մասին է: