Վերլուծական Իրավական գլխավոր 

Ռուբեն Բունիաթյանը բեկանե՞լ է ՀՀ Նախագահի հանձնարարականը

Մամուլում արդեն անդրադարձ եղել է դատական համակարգում հին ոճով աշխատող և ՀՀ Նախագահի ուղերձներն անտեսող դատավորներին:

Այս անգամ կանդրադառնանք Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Մնացականի Բունիաթյանին: Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ Բունիաթյանը միշտ ասում է, թե խնդիրներ չունի Արդարադատության Խորհրդում, քանի որ այնտեղ է իր վաղեմի մտերիմ ընկեր և գործնկեր, ում, իր իսկ խոսքերով, լիքը լավություն է արել, Գագիկ Խանդանյանը: Թվում է, թե երիտասարդ դատավոր է և պետք է, որ օրինակ ծառայի հին դատավորների համար, սակայն նրա կայացրած վճիռները բոլորովին հակառակն են վկայում:

Ուսումնասիրենք մի քանի վճիռներ, որոնք կայացրել է Ռուբեն Բունիաթյանը, ի դեպ, դրանք այն աստիճանի են հակասում ՀՀ օրենքներին, որ անգամ անուն չենք գտնում դրանց համար. ԵԱՔԴ/1006/02/10 քաղաքացիական գործով Ռուբեն Բունիաթյանը քաղաքացուն դատական նիստում ընդգրկում է որպես երրորդ անձ և վերջինիս միանգամից որոշումով ներկայացուցիչ է նշանակում: Ի դեպ, ոչ քաղաքացին, ոչ էլ ներկայացուցիչ նշանակված անձը դատական նիստին ներկա չեն լինում, ավելին՝ քաղաքացին ՀՀ-ում էլ չի լինում, այս քայլով ստեղծում է կողմի պատշաճ ծանուցման իմիտացիա, այն դեպքում, երբ քաղաքացին ոչ դատական նիստից է տեղյակ լինում, ոչ իր ներկայացուցիչից:

Նույն գործով Ռուբեն Բունիաթյանը վճռով հայցվորին է հատկացնում և վեճի առարկա բնակարանը, և այդ բնակարանի գումարը: Իսկ երբ դատական նիստից հետո պատասխանող կողմի ներկայացուցիչը դատարանի աստիճանների տակ, հարցնում է, թե ինչպե՞ս է դա հնարավոր, չէ՞ որ նույն վեճի առարկայի հետ կապված կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, բնակարանը հատկացված է պատասխանողին և դատական ակտը բեկանված չէ, Ռուբեն Բունիաթյանը խրոխտ պատասխանում է, որ ինքը բեկանել է այդ վճիռը: Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանն ավելորդ կառույց է, քանի որ առաջին ատյանի դատավորը կարող է բեկանել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Սա ոչ միայն հակասում է ՀՀ օրենքներին, այլ նաև ՀՀ Նախագահը հանձնարարականներ է տվել բարեփոխել դատական համակարգը, օրենքի միատեսակ կիրառում ապահովել, դատական ակտերի ժամանակ բացառել կողմնակի միջամտությունները և այլն:

Սակայն, ասում են, որ Ռուբեն Բունիաթյանը սրա համար էլ պատասխան ունի՝ իրեն Վճռաբեկ Դատարանի տեղ դրած ոչ միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն է բեկանում, այլ երբեմն իրեն վերապահում է ՀՀ Սահմանադրական Դատարանի լիազորությունները և բեկանում է նաև ՀՀ Նախագահի որոշումները և հանձնարարականները:

Տվյալ դեպքում ՀՀ Նախագահի վերը նշված հանձնարարականը Ռուբեն Բունիաթյանն իր մասով բեկանել է և շարունակում է աշխատել հին ոճով՝ համատեղելով արդարադատությունը տնտեսագիտության և ֆինանսաբյուջետային հարաբերությունների հետ: Ռուբեն Բունիաթյանի բուռն գործունեությունը մանրամասն կանդրադառնանք առաջիկայում

Նույն շարքից