Հայաստան Քաղաքական 

Էդվարդ Նալբանդյանն իր շնորհակալությունն է հայտնել Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ երկրների դեսպանություններին

Մարտի 24-ին արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել  ընդունելություն՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի պաշտոնական մեկնարկին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։  Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի պատասխանատուներ:

Ընդունելության սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են  Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների հիշատակը: Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը, ինչպես և ողջ ֆրանկոֆոն աշխարհը, խստորեն դատապարտում է այդ զարհուրելի ահաբեկչական գործողությունները և իր համերաշխությունն է հայտնել Բելգիային և բելգիացի բարեկամ ժողովրդին:

Մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է , որ Հայաստանը, լինելով կազմակերպության ակտիվ անդամ, Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Երևանում և մի շարք մարզերում անցկացնելու է շուրջ 600 կրթական, մշակութային և համալսարանական միջոցառումներ:

Նախարարը գոհունակությամբ ընդգծել է երիտասարդության ակտիվ մասնակցությունը միջոցառումներին. ավելի քան 200 կրթօջախներ ներգրավված են այս ծրագրում:

Էդվարդ Նալբանդյանն իր շնորհակալությունն է հայտնել ՀՀ պետական կառույցներին` ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարություններին և Երևանի քաղաքապետարանին, Հայաստանում հավատարմագրված՝ Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ երկրների դեսպանություններին և ֆրանկոֆոն հաստատություններին, որոնք իրենց կարևոր ներդրումն են ունեցել Հայաստանում 2016թ. Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կազմակերպման գործում:

Ընդունելությանը նախորդել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի և Շվեյցարիայի Համադաշնության դեսպան, Հայաստանում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Գասսերի հանդիպումը լրագրողների հետ։

Նույն շարքից