ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է նոր, աննախադեպ միջազգային օպերացիա սկսելու մասին, որի նպատակն է հայտնաբերել 1492թ. Հայիթիի ափերի մոտ Քրիստափոր Կոլումբոսի նավաբեկության ենթարկված «Սանտա Մարիա» նավը, գրում է The Independent-ը: Փորձագետները որոշել են ուսումնասիրել մի քանի շրջաններ, որտեղ կարող են գտնվել նավի բեկորները: Ընդ որում՝ որոշ հատվածներում ուսումնասիրվելու է ցամաքը՝ հաշվի են առնվում ժամանակի ընթացքում առափնյա հատվածի հնարավոր փոփոխությունները:
«Սանտա Մարիան» պատրաստվել էր Գալիսիայում 14-րդ դարի երկրորդ կեսին: 1492–ին Կոլումբոսը նավը վարձակալեց և «Պինտայի» ու «Նինյայի» հետ ուղևորվեց Հնդկաստանի ափերը:
Հոկտեմբերի 12-ին արշավախումբն իջավ Բահամյան կղզիներում, ինչն էլ պաշտոնապես Ամերիկայի հայտնագործման օր համարվեց: Դեկտեմբերի 25-ին նավը ծանծաղուտի դեմ առավ ու խորտակվեց, սակայն մարդկանց հնարավոր եղավ փրկել:
Մինչ մեր օրեր նավի ոչ մի պատկեր չի հասել: