ՀՀԿ-ն որոշել է հիմնել քաղաքական դպրոց, որը կկրի Անդրանիկ Մարգարյանի անունը։ Այդ մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, այսօր ԳՄ նիստում ներկուսակցական երեք հարց են քննարկել։ «Կուսակցությունը որոշել է ստեղծել քաղաքական դպրոց՝ ինչպես ընդունված է եվրոպական երկրներումԴպրոցը կկրի երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը»,- նշել է ԱԺ փոխնախագահը։
Նա նաեւ նկատել է, թե ՀՀԿ որոշել է ավելացնել իր հանձնաժողովների թիվը։ «Որոշվել է ստեղծել եւս մեկը՝ արտաքին կապերի հանձնաժողովը։ Մեր կուսակցությունը մեծ նշանակություն է տալու միջկուսակցական կապերի զարգացմանը, թե եվրոպական ուժերի, թե ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ»,- ասել է նա։
ԱԺ փոխնախագահը նկատել է, թե աշնանը ՀՀԿ-ն հերթական համագումարն է հրավիրելու, որի ընթացքում որոշակի փոփոխությունների է ենթարկվելու կուսակցության ծրագիրը։