Բարի օր Հասարակություն 

Ինչպե՞ս տոնել Սուրբ Զատիկը.Պարզաբանում է Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը

analitik.am

Այսօր՝ մարտի 25-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում ասուլիսը սկսվեց աղոթքով, որից հետո միայն Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն անդրադարձավ Հարության խորհրդին և Սուրբ Զատիկի տոնը նշելու մանրամասներին:

«Հարության խորհուրդը մեծ նշանակություն ունի մեզ համար՝ որպես հայ քրիստոնյայի, քանի որ հենց Հարության խորհրդի վրա է հիմնված մեր վարդապետությունն ու քարոզչությունը:Հարության խորհրդի բացակայության դեպքում մեր հավատն էլ ունայն կդառնար: Մենք միշտ հավատացել ենք Հարության խորհրդին և այդպես էլ կշարունկենք:

Ինչ վերաբերում է կենցաղային հարցերին, այսինքն նրան, թե ինչպես պետք է ընտանիքներում նշվի Սուրբ Զատիկի տոնը, ապա այս մասով մեր ժողովրդի մոտ միշտ էլ հարցեր են առաջանում: Ես կցանկանայի խոսել նախ ձուն ներկելու խորհրդի մասին: Անպայման պետք է իմանալ, որ ձուն պետք է ներկել կարմիր գույնով, որը Հիսուս Քրիստոսի թափված արյան գույնն է: Բոլորը, ովքեր հանգուցյալ ունեն, պետք է ձու ներկեն, ընդ որում, էական չէ հանգուցյալը նոր է, թե՝ հին: Զատիկի սեղանին պարտադիր պետք է լինի նաև բրնձով և չամիչով փլավ»,-ասաց Տեր Պետրոսը:

Ավագ քահանա Մալյանը նաև նշեց, որ ոչ վաղը, ոչ էլ մյուս օրը պետք չէ գերեզմաններ գնալ, քանի որ այդ օրերը տոնական օրեր են, որոնք նվիրված են ողջերին. «Հանգուցյալների օրերը տաղավար տոներին հաջորդող օրերն են՝ մեռելոցները: Այդ օրը բոլոր եկեղեցիներում ննջեցյալներին նվիրված պատարագ է մատուցվելու, իսկ հանգուցյալ ունեցողները կարող են գնալ գերեզմաններ»:

Տեր Պետրոսը խոսեց նաև վաճառքում հայտնված գունավոր ճտերի մասին՝ նշելով, որ դա անընդունելի է, չի կարելի ամեն ինչ բիզնեսի վերածել և ասաց, որ նման բան անել պետք չէ՝ կոչ անելով բոլորին չգնել նման ճտեր:

Անդրադառնալով այն միջոցառումներին, որոնք եկեղեցին իրականացնելու է՝ ավագ քահանա Մալյանն ասաց, որ տոնը պատշաճ ձևով նշվելու է ոչ միայն եկեղեցիներում, որտեղ ճրագալույցի սուրբ պատարագ կմատուցվի, այլ նաև միջոցառումներ են լինելու. «Շատերի համար հարց է առաջանում, թե ինչու է տոնը սկսվում շաբաթ երեկոյան: Պետք է ասեմ, որ մեր տոնացույցով օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո:

Մենք վաղը՝ մարտի 26-ին, ժամը 17:00-ին ժամերգություն կանենք, օրը կփոխվի կդառնա արդեն 27-ը, ճրագալույցի պատարագ կմատուցվի, ինչի ժամանակ արդեն ավետիս կտանք մեր ժողովրդին՝ միմյանց շնորհավորելով « Քրիստոս հարյավ ի մեռելոց, մեզ և ձեզ Մեծ Ավետիս», « Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի» խոսքերով:

Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա ասեմ, որ լինելու են այցեր մանկատներ, ծերանոցներ, հիվանդանոցներ, ինչպես նաև կլինի կանթեղներով երթ, որը կսկսվի մարտի 26-ին ժամը 19:30-ին Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ էլ մեծ խաչ կկազմվի»:

Ասուլիսի մյուս հյուրը՝ Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդական միության անդամ Տաթև Զախարյանն էլ իր հերթին նշեց, որ արդեն երրորդ տարին է, ինչ կանթեղներով երթ է կազմակերպվում. «Մեզ են միանում տարբեր երիտասարդական կազմակերպություններ: Համագործակցում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Ոստիկանության ակադեմիայի հետ: Ամեն տարի ավելի ու ավելի շատ մարդիկ են միանում, ժողովուրդն ավելի ու ավելի շատ է հետաքրքրվում միջոցառումներով:

Սա խորիմաստ ու գեղեցիկ միջոցառում է, մենք երգում ենք շարականներ, իսկ հրապարակում էլ աղոթք ենք հղում առ Աստված: Ունենք նաև այլ միջոցառումներ, որոնք ժամանակ երիտասարդները շփվում են միմյանց հետ, բավականին ուրախ և հետաքրքիր է անցնում»:

Նույն շարքից