Հասարակություն 

«Դվին» հյուրանոցը 17 000 ՀՀ դրամի վնաս է կրել՝ հրդեհի պատճառով

Այսօր կեսօրին հրդեհ էր բռնկվել Երևանի Դվին հյուրանոցի առաջին հարկում: Ըստ ԱԻՆ նախնական տվյալների այրվել էր 10 քմ փայտյա ամրակապում. տուժածներ չկան:

ԽՍՀՄ ճարտարապետության լավագույն կառույցներից մեկը համարվող «Դվին» հյուրանոցային համալիրը վերջին տասնամյակի ընթացքում ավերակի է վերածվել:

2003 թվականին «Կովկասյան հաղորդակցական խումբ» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև կնքված պայմանագրի համաձայն այս տարի «Դվին»-ի շինարարական աշխատանքները պետք է ամբողջովին ավարտվեն և, ըստ տեղեկությունների, այն կրելու է այլ ՝ «Դավիթ Բեկ» անվանումը:

Ըստ պայմանագրի, եթե 2016թ.-ին հյուրանոցի հիմնանորոգման աշխատանքները չավարտվեն, ապա սեփականատերը տույժ-տուգանքների կենթարկվի: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների, հյուրանոցի սեփականատերերի շարքում է նաև ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը:

Պարզելու համար, թե հրդեհի հետևանքով ինչ վնասներ է կրել հյուրանոցի հիմնանորոգման աշխատանքները իրականացնող «Արս Շիլ» ընկերությունը, Analitik.am-ը զրուցեց ընկերության ներկայացուցչի հետ, ով հայտնեց, որ էական վնասներ չեն կրել:

«Ծուխ էր, բարձրանում էր էլի: Ի՞նչ վնաս, մի 17 հազար դրամի վնաս ենք կրել»,-ասաց շինընկերության ներկայացուցիչը:

ԱԻՆ նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ հրդեհի պատճառների մասին դեռևս ոչինչ չեն կարող ասել, քանի չի ավարտվել նախնական քննությունը:

«Նախնական քննությունը մենք ենք անցկացնում և մի 10-15 օր տևում է, որից հետո հստակ կկարողանանք ներկայացնել հրդեհի բռնկման պատճառների և վնասների չափի մասին: Այն դատարկ տարածք է եղել, բարեբախտաբար մարդիկ չեն եղել և տուժածներ չկան, միայն շինանյութ է այրվել»,-ասաց ԱԻՆ մասնագետը:

Նույն շարքից