Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ:
Մարզիչները պայմանավորվել են 6-ական խաղացողի փոխարինել: Այնպես որ, փորձարկումներ կլինեն: Կարևորն է, որ դա չհանգեցնի նոր փորձանքի: Բանն այն է, որ մերոնք բոլոր նախորդ խաղերում զիջել են մրցակցին:
Այնպես որ, Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը զգուշանալու համար լուրջ հիմքեր ունի:Հայաստանի և Ֆրանսիայի թիմերի առաջին մրցամարտը կայացել էր 1996-ին Ֆրանսիայի Վիլնյով դ' Ասք քաղաքում: Ընկերական այդ խաղում Հայաստանի ներկայացուցիչները պարտվել էին 0:2 հաշվով:
Ապա երկու հավաքականներն ուժերն էին չափել 2000-ի Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի շրջանակում: 1999-ին արտագնա խաղում Հայաստանի ընտրանին զիջել էր 0:2, իսկ տանը՝ 2:3 հաշվով:
Թե ինչ ելք կունենա վաղեմի մրցակիցների նոր հանդիպումը՝ կպարզվի այսօր: