Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աշխարհի «պատասխանատու կառավարություններին» կոչ է արել բոյկոտել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի՝ հրեական պետության նկատմամբ խտրական որոշումները: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Հայտարարությունը պատասխանն է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի երեկ ընդունած որոշման՝ կազմել իսրայելական և արտասահմանյան ընկերությունների ցուցակ, որոնք աշխատում են օկուպացված տարածքների հրեական բնակավայրերում: Իսրայելը կարծում է, որ տվյալների այդպիսի բազան կդառնա միջազգային բոյկոտի համար նպատակների ցուցակ:
«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը վերածվել է հակաիսրայելական կրկեսի: Այն հարձակումների է ենթարկում Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավարությունը՝ անտեսելով կոպտագույն խախտումները, որոնք առկա են Իրանում, Սիրիայում, Հյուսիսային Կորեայում»,- ասվում է Նեթանյահուի հայտարարության մեջ, որը տարածել է նրա մամլո ծառայությունը:
«Իսրայելը պատասխանատու կառավարություններին կոչ է անում չհետևել Խորհրդի որոշումներին, որոնք խտրական են Իսրայելի նկատմամբ»,- ասել է Նեթանյահուն: