Հայաստանի Հանրապետությունում առաջիկա տարիներին կկառուցվի և շահագործման կհանձնվի մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերում (պոչամբար) կուտակված ապարների վերամշակման գործարան: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության և «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ի, VSEI ձեռնարկությունների խմբի և «ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ-ի միջև կստորագրվի մտադրությունների մասին հուշագիր:
Դրա նախագծին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգում:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ «ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ-ն ունի տեխնոլոգիական մշակումներ, որոնք վերաբերում են մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերում (պոչամբար) կուտակված և կուտակվող ապարների արդյունավետ մշակմանը: Ընկերությունն արդեն ներդրումներ է կատարել նշված տեխնոլոգիայի մշակման համար և պատրաստակամ է շարունակել ու խորացնել այդ ծրագիրը` կառուցելով ապարների վերամշակման գործարան: Ներդրումների ծավալաը կկազմի 200 մլն դոլար:
Ընկերությունը երաշխավորում է, որ ծրագիրը որևէ կերպ չի խոչընդոտի ԶՊՄԿ-ի բնականոն գործունեության իրականացմանը և վերջինիս համար չի առաջացնի լրացուցիչ պարտավորություններ: «ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ-ն երաշխավորում է, որ ծրագիրը կիրականացվի սահուն և պատշաճ կերպով, կձևավորվեն ժամանակակից ենթակառուցվածքներ, որոնք համապատասխանում են անվտանգության, աշխատանքի անվտանգության, բնապահպանական և սահմանված այլ պահանջներին: