Այսօր՝ մարտի 26-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը, խոսելով այն մասին, թե ինչ պետք է անեն մեր քաղաքացիները և իշխանություններն ավելի լավ Հայաստան ունենալու համար, նշեց, որ անհրաժեշտ է մարտավարական խաղի փայլուն գիտակ նախագահին առաջարկել երկրի իշխող դասակարգն ազատել գանձագողերից, կոռուպցիոներներից, քանի որ Հայաստանը պետք է պատրաստ լինի անընդհատ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելուն և պետական շահերը պաշտպանելուն՝ մանավանդ այսօր, երբ ամեն ինչ կարծես թե Հայաստանի համար բարենպաստ է դասավորվում:
«Իմ կարծիքով պետական կառավարման ապարատի մեջ պետք է լայնորեն ներկայացված լինեն երիտասարդները և պարտադիր չէ, որ բոլորը լինեն Հարվարդի համալսարանի շրջանավարտներ, պետք է ունենալ երիտասարդ գործիչներ, ովքեր կաշխատեն մեր հայրենիքի բարօրության համար, այլ ոչ թե այստեղ կարիերա կանեն ու կհեռանան: Մի խոսքով`պետք է թարմացնել կադրային բանկը որակյալ կադրերով: Ուզում եմ խոսել նաև ազգային գաղափարախոսության մասին՝ հատկապես նշելով, որ օրինակ Ցեղասպանության ճանաչումը չի կարող լինել ազգային գաղափարախոսություն, այն պետք է լինի դրա մի մասը»,- ասաց Լևոն Շիրինյանը:
Իսկ թե ինչպիսի խորհրդարան կուեննանք 2017 թվականին, քաղաքագետի կարծիքով երկու տարբերակ կարող է լինել. եթե իշխանությունները որոշեն վարվել այնպես, ինչպես եղավ օրինակ Հարավային Կորեայում և գնալ լուսավոր ավտորիտարիզմի ճանապարհով, լավ կլինի, իսկ եթե նման մոտեցում չլինի, կմնա նույնը:
«Ամեն դեպքում ժողովուրդը պետք է պահանջատեր լինի: Պետք է հստակ իմանալ նաև մի ճշմարտություն՝ արյունակցական կապերի վրա հիմնված իշխանությունը տանում է երկրի ոչնչացմանը, պետական ապարատը հարազատներին տեղավորելու տեղ չէ»,-ասաց նա:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես պետք է գործել սահմանին, եթե ադրբեջանական կողմն անընդհատ ագրեսիվ վարք է դրսևորում, իսկ այս գիշեր քաղաքացիներ են վիրավորվել, բանախոսն ասաց, որ մեր բանակը պետք է ավելի համարձակ և նախաձեռնող լինի, քանի որ թուրքը խելոքանում է միայն հարված ստանալուց հետո:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կապված են Ադրբեջանի հետ, քաղաքագետն ասաց, որ դա մեր պետության շահերից չի բխում և ԱԱԾ-ն պետք է զբաղվի դրանցով: