Մամուլի ակումբ Միջազգային Քաղաքականություն 

Ասադը հայրենասիրության համար մինչև վերջ պայքարող մարդ է. Լևոն Շիրինյան

«Այսօր աշխարհակարգի փոփոխությունները որոշվում են ռուսական գործողություններով, հետևաբար թե ինչ կլինի աշխարհում, պայմանավորված է հենց Ռուսաստանի քայլերով»,-այսօր՝ մարտի 26-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ զարգացումներ են սպասվում աշխարհում:

Մասնավորապես՝ անդրադառնալով Սիրիայում ռուսական ուժերի գործողություններին՝ Շիրինյանը վստահորեն ասաց, որ Ռուսաստանը երկար ժամանակով է տեղավորվում այնտեղ, ունի ռազմաբազա, նավատորմ, ինչպես նաև որպես դաշնակից ունի երկրի նախագահ Բաշար Ասադի ընտանիքը. «Ի դեպ Ասադի մասին խոսելիս պետք է ասել, որ նա հայրենասիրության, պետականաշինության համար մինչև վերջ պայքարող մարդու օրինակ է»:

Քաղաքագետը կարծիքով Ռուսաստանը պատրաստվում է որոշակի փորձ ձեռք բերելուց և արդյունքներն ամփոփելուց հետո տևական ծրագրեր իրականացնել, աշխարհը ձևափոխել այնպես, ինչպես ինքն է պատկերացնում. «Ես ենթադրում եմ, որ դա կլինի նույնիսկ այն դեպքում, եթե Պուտինը չլինի, քանի որ խնդիրը կապված չէ անձի հետ»:

«Մի բան ակնհայտ է՝ թուրքը մնում է թուրք՝ գիշատիչ, ոխակալ, և իրականությանը չեն համապատասխանում բոլոր այն կարծիքները, թե թուրքը քաղաքակրթվել է: Ամեն դեպքում մի բան պետք է փաստել՝ նույն Թուրքիայի դաշնակից Արևմուտքը չի գնա Ռուսաստանի հետ վերջնական առճակատման, այսինքն կլինեն կոմպրոմիսներ»,-ասաց բանախոսը:

Քաղաքագետը համոզված է, որ մեր ազգային շահերի պաշտպանության համար առաջնային է Ռուսաստանի հետ դաշնակացային հարաբերություններ ունենալ, սակայն դա չի նշանակում, որ պետք է անտեսել մյուս կենտրոնները, այսինքն անհրաժեշտ է կոմպլեմենտար քաղաքականություն վարել. «Հայաստանի ղեկավարությունը պետք է վերջապես ձևակերպի մեր ազգային շահերի փունջ, որով էլ աշխատելու ենք Ռուսաստանի հետ, այն Ռուսաստանի, որին Հայաստանը պետք է որպես դաշնակից: Ռուսաստանը պետք է իմանա, որ Արևելյան Հայաստանում մեր ազգային շահերը պետք է պաշտպանված լինեն, անհրաժեշտ է արցախյան ռազմաճակատում կայունություն հաստատել, պետք է լուծվի Նախիջևանի հարցը, պետք է Ռուսաստանը հասկանա, որ Թուրքիայի հետ 1920 թվականից վարվող բալանսի քաղաքականությունը սխալ է: Իսկ մենք պետք է աշխատենք Ռուսաստանի այն շրջանակների հետ, որոնց շնորհիվ կհասնենք մեր հարցի լուծմանը»:

Շիրինյանը չշրջանցեց վրացահայության հարցը՝ հայտարարելով, որ Վրաստանի իշխանություններից պետք է պահանջել դադարեցնել հայերի նկատմամբ ճնշումները. «Այն փաստարկները, թե օրինակ Ջավախքի հայությունը վրացերեն չգիտի և դրա համար ինտեգրված չէ երկրի կյանքին, աբսուրդ է, իսկ ինչ վերաբերում է Թբիլիսիի հայությանը, ապա այնտեղի հայերը նույնիսկ վրացիներից լավ վրացերեն գիտեն»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից