Երևանի պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի ունեցավ «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էին 180 մասնակիցներ, որոնցից 50-ը Հայաստան էին ժամանել աշխարհի 30 երկրներից:
Կոնֆերանսին ներկա էին նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս ելույթ ունեցավ և նշեց, որ Հայաստանի համար շախմատը ազգային հպարտության մի մաս է կազմում և եթե այն նախկինում ուներ միայն մարզային իմաստ, ապա 2011թ.-ից այն դարձել է դպրոցի պարտադիր առարկա և ստացել է նաև կրթական իմաստ:
«Հայաստանը առաջինն է, որ շախմատը ներմուծել է դպրոցներում որպես պարտադիր կրթական առարկա: Հայկական փորձը ունիկալ է իր երևույթով, որովհետև զրոյից ստեղծել ենք նոր կրթական ծրագիր, որը պատրաստ ենք կիսել աշխարհի հետ: Առաջին անգամ կոնֆերանսի միջոցով Հայաստանը կարող է նաև առաջարկել իր լավագույն կրթական փորձը: Դպրոցում այս ծրագիրը նպաստում է երեխաների առաջնորդության զարգացմանը: Մենք չենք հավակնում, որ բոլորը դառնալու են չեմպիոններ, թեև դեմ չենք, բայց մեր նպատակը նա է, որ շախմատի միջոցով կարողանանք զարգացնել երեխաների առաջադիմությունը նաև այլ առարկաների հանդեպ»,-ասաց նախարարը:
Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ հայկական այս ծրագիրը առաջացրել է միջազգային հանրույթի ուշադրությունը:
«Շախմատային լեզվով ասած՝ Հայաստանը ծրագիրը սկսել է և հաղթում է»,-ասաց նա:
Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը նշեց, որ Հայաստանի շախմատը դպրոցներում դասավանդելու ծրագիրը թարգմանվել է տարբեր լեզուներով և հույս հայտնեց, որ առաջիկայում էլ ավելի մեծ տարածում կգտնի:
«Մի քանի ամիս առաջ, երբ ես Մեքսիկայում էի, նրանք ինձ ցույց տվեցին պետական ծրագիր ու ասացին, որ Հայաստանի օրինակով պարտադիր ուսուցանվելու է դպրոցներում: Այդպես է նաև Պարագվայում, Մոնղոլիայում, Թայլանդում և այլ երկրներում: Ծրագիրը սկսվել է տարածվել ձեր երկրի շնորհիվ: Այստեղ բոլորը շնչում են շախմատով, և դա, կարծում եմ, ձեր արյան մեջ է: Հայաստանը միակն էր, որ կարճ ժամանակում դարձավ օլիմպիադայի եռակի չեմպիոն, նման բան չեն կարողանում անգամ ամենամեծ երկրները: Հայաստանը փոքր երկիր է, բայց երեք անգամ նվաճել է օլիմպիական ոսկի»,-ասաց նա: