Լոնդոնի Evening Standard թերթը հրապարակել է հասարակական կարծիքի ամենամյա հարցման արդյունքները, որը նպատակ ունի որոշել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հայտնի քաղաքական գործիչներից, բիզնեսմեններից, հասարակական գործիչներից եւ շոու բիզնեսի աստղերից 1000 ամենաազդեցիկներին:
Հարցման արդյունքների համաձայն՝ Լոնդոնում ամենաազդեցիկ անձ է ճանաչվել գանձարանի կանցլեր Ջորջ Օսբոռնը, երկրորդ տեղն զբաղեցնում Է քաղաքապետ Բորիս Ջոնսոնը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը նույնպես տեղ Է գտել Evening Standard-ի ցուցակում, բայց միայն տասներորդն Է դարձել: Լոնդոնցիների կարծիքով՝ նա ազդեցիկությամբ զիջում Է դիզայներ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան եւ Spice Girls խմբի նախկին մասնակից Վիկտորյա Բեքհեմին, որը հայտնվել Է ցուցակի իններորդ տեղում:
Վարկանիշի երրորդ տեղում է արհեստական ինտելեկտի բնագավառի հայտնի հետազոտող, DeepMind Technologies ընկերության (այս տարի 400 միլիոն ֆունտ ստեռլինգով գնվել Է Google կորպորացիայի կողմից) հիմնադիր Դեմիս Հասաբիսը, չորրորդ տեղում Ջորջ Քլունի կինն Է՝ լոնդոնցի փաստաբան Ամալ Ալամուդդինը, հինգերորդում՝ Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քառնին:
Վեցերորդ տեղն զբաղեցրել Է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, յոթերորդը՝ արքայազն Հարրին, իսկ ութերորդ տեղում բժշկության եւ ֆիզիոլոգիայի բնագավառում 2001 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր կենսաքիմիկոս Պոլ Ներսն Է: Եվս մեկ նոբելյան դափնեկիր, բայց արդեն Խաղաղության մրցանակի, պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը հանգրվանել Է ցուցակի 12-րդ հորիզոնականում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: