Կապանում հոկտեմբերի 19-ին կնշվի քաղաքի տոնը: Այս տարի նշվում է Կապանի` վերջին անգամ քաղաքի կարգավիճակ ստանալու 76-ամյակը, սակայն հայտնի է, որ Կապանի մասին պատմական աղբյուրները հիշատակում են դեռևս 5-րդ դարից սկսած: Այս մասին տեղեկացնում է armenpress.am-ը։
Տոնի առիթով քաղաքապետարանը նախատեսել է անցկացնել համաքաղաքային մի շարք միջոցառումներ, որոնք կմեկնարկեն Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց` օրհնության արարողությամբ, որից հետո հարգանքի տուրք կմատուցվի նահատակների հիշատակին` կկատարվեն ծաղկադրման արարողություններ Բաղաբուրջի հուշահամալրում և Գ.Նժդեհի հուշարձանին:
Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում նախատեսված են միջոցառումներ երեխաների համար` ամառային դահլիճում կլինի մանկական համերգ, կանցկացվի գեղարվեստի, արվեստի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, արվեստի քոլեջի սաների նկարների ցուցահանդես, կկազմակերպվի նկարչության մրցույթ:
«Հին ու նոր Կապան» խորագրով ցուցահանդես կբացվի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանում, իսկ քաղաքի երկրագիտական թանգարանում կբացվի կապանցի հանրաճանաչ գեղանկարիչ Լորիկ Մինասյանի աշխատանքների ցուցահանդեսը: Այդ օրը կլինեն նաև սպորտային միջոցառումներ` կրոսավազք և հեծանվավազք: Իսկ երեկոյան քաղաքի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կանցկացվի հանդիսավոր նիստ, որի ընթացքում կլինեն շնորհավորական ելույթներ, պարգևատրումներ, տոնական համերգ: Քաղաքի օրվան նվիրված միջոցառումները կավարտվեն հրավառությամբ: