Այսօր ԱԺ-ում լրագրողները արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրվեցին, թե ինչ եղավ սիբիրյան ցիկլոնի հետ, այն հասա՞վ Հայաստան: Նախարարը պատասխանեց, որ եղավ այն, ինչի մասին ինքը հայտարարել էր, այսինքն` ջերմաստիճանը Սյունիքում, Լոռիում, Տավուշում ու Արցախում իջավ 20 աստիճանով, իսկ Երևանում` 15 աստիճանով: «Մարզերում ճանապարհներ փակվեցին, ցրտահարություններ եղան, բայց մենք նաև ասացինք, որ արդեն հոկտեմբերի 28-ից սկսելու է տաքանալ: Եթե ես սխալվում եմ, Աստված տա, նման բաներում սխալվեմ»,- ասաց նախարարը: Հարցերին, թե արդյո՞ք դա հանրահավաքի համար էր հայտարարվել, որ նստացույց չլինի, կամ արդյո՞ք դա «մաքսային» ցիկլոն էր, նախարարը ժպտաց ու ասաց, որ հարցերը լուրջ չեն: «Մենք կատարել ենք մեր խոստումը և 10 ու 20 աստիճան ցրտերը ներմուծել ենք Հայաստան»,- կատակեց Արմեն Երիցյանը: Հիշեցնենք, որ նախարարը սիբիրյան ցիկլոնի մասին նախազգուշացրել էր կառավարության վերջին նիստի ժամանակ:
Մենք կատարել ենք մեր խոստումը և 10 ու 20 աստիճան ցրտերը ներմուծել ենք Հայաստան. Արմեն Երիցյան