Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրված 11 միլիարդ 203 միլիոն ՀՀ դրամից 89,5%-ը աշխատավարձն է, մնացած գումարները բաժանվել են ըստ ծառայությունների. ԱԺ-ում 2015 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ, ներկայացնելով ԱԻՆ-ի բյուջեն, նշեց նախարար Արմեն Երիցյանը:
«Ասեմ, որ ԱԻՆ-ը միայն պետբյուջեի տրված գումարներով իր աշխատանքը ամբողջությամբ չի կարող կատարել»,-նշեց նախարարը և հավելեց, թե համագործակցում են տարբեր երկրների, միջազգային ՀԿ-ների հետ:
«Այսօր փրկարար ծառայությանը և ընդհանրապես այլ ծառայություններին օգնում են միջազգային ՀԿ-ները։ Ընդհանուր առմամբ, տրանսպորտային միջոցների համար մեր պահանջարկը եղել է մոտ 546 միլիոն դրամ, մեզ տրամադրվել է 255»,-ասաց նախարարը:
Նախարարն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ միայն «991» ծառայությունը օրական ստանում է վեցից ութ հազար ահազանգ. «Յուրաքանչյուր անձի հետևում կանգնած է անձ, քաղաքացի, և յուրաքանչյուր զանգի համար պատասխանատվություն ենք կրում, ուստի մեր տրասնպորտային միջոցները շատ-շատ են դուրս գալիս, և, իհարկե, վառելիքը չի բավարարում»,-նշեց Երիցյանը։