Հայաստանի կառավարությունը պատրաստվում է 2015 թվականին ՀՀ բոլոր մարզերն ապահովել Ճգնաժամային կառավարման կենտրոններով: Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում` 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: «2012 թվականից գործում է Ճգնաժամային կառավարման կենտրոնը, ողջ տեղեկատվությունը ստանում ենք: Մարզերում ևս նման կենտրոններ ենք հիմնում: Լոռիում աշխատանքներն ավարտել ենք, Ղարաբաղում շուտով կավարտենք, Սյունիքում, Գեղարքունիքում աշխատանքներ են տարվում: 2015-ին բոլոր մարզերում կունենանք ճգնաժամային կառավարման կենտրոններ: Սա նշում եմ, քանի այդտեղ ևս օգտագործվելու են ինտերնետ, տեխնիկական միջոցներ ու այստեղ էլ գումարներ են պետք գալու: Իհարկե, համագործակցելով ՄԱԿ-ի անդամ երկրների և այլ գերատեսչությունների հետ` կարողանում ենք տեխնիկական հագեցվածության հարցը կարգավորել»,- տեղեկացրեց ԱԻ նախարարը:
Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2015 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսված է տրամադրել 11 միլիարդ 203 միլիոն դրամ, որից 89.5 տոկոսը բաժին է ընկնում աշխատավարձերին, իսկ մնացած գումարները բաժանվել են ըստ ծառայությունների: Արմեն Երիցյանի խոսքով` որոշ ծառայություններ իրականացնելու մասով իրենց պահանջարկը եղել է ավելին, քան նախատեսվել է հաջորդ տարվա բյուջեի նախագծով: «Տրանսպորտային նյութերի հետ կապված մեր պահանջարկը եղել է մոտ 546 միլիոն դրամ, մեզ տրամադրվել է 255 միլիոն դրամ: Պետք է նշեմ, որ միայն 911 ծառայությունում օրական ստանում ենք 6-8 հազար զանգ, յուրաքանչյուր զանգի հետևում կանգնած է մարդ, ում համար մենք պատասխանատվություն ենք կրում: Մեր տրանսպորտային միջոցները շատ են երթևեկում»,-ասաց նախարարը` ավելացնելով, որ իրենք շատ գործառույթներ կատարում են միջազգային համագործակցության արդյունքում ձեռք բերվող միջոցների հաշվին:
Խոսելով տարբեր երկրների հետ համագործակցության մասին` Արմեն Երիցյանը նշեց, որ լուրջ աշխատանք ենք տանում Շվեյցարիայի իրենց գործընկերների հետ, որի արդյունքում հրշեջները վերապատրաստում են անցել ու արդեն հրշեջ-փրկարարներ են: «78 հրշեջ-փրկարարական ստորաբաժիններ շվեյցարական նորագույն տեխնիկայով ենք համալրելու: Ճապոնիացի գործընկերների հետ աշխատում ենք սողանքային տարածքների, ինչպես նաև սեյսմիկ ծառայության ուղղությամբ: Ինչպես գիտեք, ՀՀ տարածքի 4.1 տոկոսը սողանքային են: Համագործակցության արդյունքում 2.5 միլիոն դոլարի սարքավորումներ են նվիրում մեզ ճապոնացի գործընկերները: Ռուսաստանի մեր գործընկերներն էլ 12.5 միլիոն դոլարի սարքավորումներ կուղարկեն Հայաստան համատեղ ծրագրի իրականացման նպատակով»,-նշեց նախարարը:
Արմեն Երիցյանը շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ ընթացիկ տարվա կեսից բարձրացավ փրկարարների աշխատավարձը: