Միջուկային անվտանգության միջազգային գագաթաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վաշինգթոնի կատարելիք այցից օրեր առաջ 50-ից ավել ԱՄՆ կոնգրեսականներ միացել են Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի առաջնորդներին` կոչ անելու, որպեսզի նախագահ Օբաման օգտագործի այդ այցը և ճնշում գործադրի Ադրբեջանի առաջնորդի վրա, որպեսզի վերջինս չխոչընդոտի Լեռնային Ղարաբաղի համար Ռոյս-Էնգել խաղաղության առաջարկների իրականացմանը:
Նամակը, որի հեղինակները Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ու կոնգրեսական, արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանն են, հիմնված է անցյալ դեկտեմբերին Պետդեպարտամենտ ուղարկված նամակի վրա: Այն ի պաշտպանություն երեք գործնական խաղաղապահ միջոցառումների է (առավել հայտնի` որպես Ռոյս-Էնգել խաղաղության առաջարկներ).
- Շփման գծում դիպուկահարներ, ծանր զենքեր և սպառազինություն չտեղակայելու վերաբերյալ համաձայնություն բոլոր կողմերի կողմից,
- Շփման գծում ԵԱՀԿ-ի կողմից մոնիթորինգի ենթարկվող, հարձակումների աղբյուրը պարզող սարքերի տեղադրում,
- Շփման գծի երկայնքով ԵԱՀԿ հավելյալ դիտորդների տեղակայում` հրադադարի ռեժիմի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար:
Ի պատասխան ավելի վաղ ուղարկված այդ նամակի` Օբամայի վարչակազմն իր աջակցությունն էր հայտնել Ռոյս-Էնգել առաջարկներին` մասնավորապես նշելով. «...այդպիսի միջոցառումների իրականացումը երբեք այսքան հրատապ չի եղել»: Չնայած Օբամայի վարչակազմից ստացված այս հռետորական աջակցությանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից ստացված աջակցությանը, այդ միջոցառումների իրականացումը արգելափակվել է Ադրբեջանի կառավարության կողմից: Ռոյս-Շերման նամակի հեղինակները փորձում են դուրս գալ այս փակուղուց` նախագահ Օբամային կոչ անելով Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր շահագրգիռ կողմերի հետ` իրականացնելու այս կոնկրետ, խելամիտ խաղաղապահ միջոցառումները:
«Մենք շնորհակալ ենք նախագահ Ռոյսին, կոնգրեսական Շերմանին և Ներկայացուցիչների պալատի բոլոր նրանց գործընկերներին, ովքեր միացել են նրանց` Ադրբեջանի նախագահին այս հզոր, խաղաղության կոչ անող ուղերձի հղման նախաձեռնությանը», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: