Հասարակություն 

Գևորգ Կոստանյանը՝ մարտի 1-ի գործի մասին արված հայտարարության մասին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մարտի 1-ի գործով ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեռևս սեպտեմբերին արած այն հայտարարությանը, թե սույն գործով բոլոր հանգամանքները բացահայտված են և ասաց. «Աղվան Հովսեփյանը թող ինքը մեկնաբանի իր հայտարարությունը»:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործին, գլխավոր դատախազը նշեց, որ քրեական դատավարության մեջ ամենակարևոր սկզբունքը գործի արդյունավետ քննության սկզբունքն է, որը գործում է ոչ միայն Հայաստանի, այլ միջազգային քրեական իրավունքի տեսակետից:

«Ո՞րն է արդյունավետ քննության երաշխիքները լրիվություն, բազմակողմանիություն ու օբյեկտիվություն: Չկա գործի բացահայտվածության սկզբունք, որովհետև կանխավարկածը այնպիսինն է, որ եթե դու այս երեք սկզբունքները գործի քննության սկզբում ապահովում ես, ուրեմն դու ճշմարտությունը պարզել ես»,– ասաց գլխավոր դատախազը:

«Եթե դու այս երեք սկզբունքների միաժամանակյա առկայությունը ապահովում ես, ապա քրեական վարույթը ենթակա է ավարտման, մի դեպքում՝ գործը կարճելու, մյուս դեպքում՝ անձանց քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու, երրորդ՝ եթե հնարավոր չէ պարզել մեղավոր անձանց, գործը կասեցվում է: Քանի դեռ այս երեք որոշումներից մեկը կայացված չէ, հետևաբար գործի լրիվության բազմակողմանիության և օբյեկտիվության սկզբունքները դեռևս ապահովված չեն»,-ասաց նա:

Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ խոսքը վերաբերում է ցանկացած գործին՝ այդ թվում նաև Մարտի 1-ի գործին:

Նույն շարքից