Իրավական Հասարակություն 

«Ջունգլը» կմնա ազատության մեջ. դատարանը մերժել է դատախազի միջնորդությունը. news.am

analitik.am

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասությանն այսօր՝ մարտի 30-ին, մերժել է Երեւանի Նոր-Նորք թաղամասում նախորդ տարվա հուլիսին արցախյան ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սարգսյանի՝ «Ջունգլ»-ի նկատմամբ խափանման միջոցը փոխելու եւ կալանք կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Սարգսյանի  պաշտպան Թամարա Բաղդասարյանը:

«Մեղադրողի միջնորդությունն անհիմն էր եւ ենթակա էր մերժման, քանի որ նման միջնորդությամբ հանդես գալու հիմք էր հանդիսացել միայն այն, որ իմ պաշտպանյալը  ասել էր, որ գտնվել է իր բնակության վայրից դուրս եւ այնտեղ է ձերբակալվել, բայց նա միայն իր բնակության վայրից դուրս է գտնվել, ոչ թե՝  փոխել  իր բնակության վայրը, որի մասին պետք է տեղյակ պահեր վարույթն իրականացնող մարմնին: Գեւորգ Սարգսյանը չի խուսափել գործի քննությունից եւ չի խոչընդոտել  դրան,  անօրինական արարք չի կատարել, ուստի  միջնորդությունն անհիմն էր»,-ասաց պաշտպանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ դատախազը միջնորդել է կալանավորել Երեւանի Նոր-Նորք թաղամասում նախորդ տարվա հուլիսին արցախյան ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանին առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սարգսյանին՝ «Ջունգլ»-ին:

Նշենք, որ Գեւորգ Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված էր նաեւ այլ քրեական գործում, որի հարուցումը, սակայն, մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։

Վարդան Թումանյանի մահվան մեջ մեղադրվող երեք երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝  Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար եւ չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ, որը պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նույն շարքից