Հասարակություն 

Տանզանիայում ձերբակալված Արտյոմ Վարդանյանը ներմուծվող կապիկների հետ որևէ կապ չունի. Արթուր Խաչատրյան

Այսօր՝ մարտի 30-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Զօօ Ֆաունա Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Տանզանիայում ձերբակալված եղբայրներ Հոլանդայի և Հայաստանի քաղաքացի Արտյոմ Վարդանյանը ու Հոլանդիայի քաղաքացի Էդուարդ Վարդանյանն ընդհանրապես կապ չունեն կապիկների հետ և վերջիններիս անարդարացիորեն են ձերբակալել Տանզանիայում:

Օրեր առաջ լրատվամիջոցները գրել էին այն մասին, որ «Ջամբո Պարկ» ռեստորանային համալիրի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը եղբոր՝ Էդուարդի հետ ձերբակալվել է Տանզանիայից ավելի քան 60 կապիկ դուրս բերելու փորձի ժամանակ:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ այդ կապիկները իր կապիկներն են, դրանք Տանզանիայից Հայաստան տեղափոխելով զբաղվել է իր կազմակերպությունը` «Զօօ ՖաունաԱրտ»-ը, իսկ Վարդանյան եղբայրներն անարդարիացիորեն են ձերբակալվել և հույս հայտնեց, որ վերջիններիս, ինչպես նաև իր գործընկեր կազմակերպության տերը շուտով ազատ կարձակվեն՝ նշելով, որ այսօր տեղի է ունեցել դատական առաջին նիստը, սակայն ինքը ոչ մի բան չգիտի, քանի որ քննչական մարմինները ոչինչ չեն ասում, միայն հայտնի է, որ Վարդանյանները, վերոնշյալ գործընկեր կազմակերության տերը և կապիկներին կերակրողը ձերբակալվել են, ստուգվում են Հայաստան տեղափոխվելիք բեռի փաստաթղթերը, իսկ Վարդանյանները կասկածվում են կապիկների հետ կապ ունենալու մեջ.

«Այս կապիկները մեր կազմակերպությունը գնել է անցած տարի սեպտեմբերին: Կարանտինն անցնելուց հետո պրիմատները պետք է տեղափոխվեին Հայաստան, սակայն ավելի ուշ խնդիրներ առաջացան: Նախ ասեմ, որ ավիաընկերությունները մեզ անհայտ պատճառներով հրաժարվեցին կապիկներին տեղափոխել Հայաստան, որից հետո մենք սկսեցինք աշխատել Տանզանիայում գրանցված մեր գործընկեր կազմակերպության հետ, որը զբաղվում է կապիկներ որսալով և արտահանելով: Ինչպես միշտ, այս դեպքում ևս, բոլոր փաստաթղթերը ես ունեմ, ամեն ինչ օրինական է, իսկ առհասարակ ամեն ինչին հետևում եմ, որպեսզի գործընթացը կարգին ընթանա»:

Վարդանյանի խոսքերով, դրանից հետո կապիկներին Տանզանիայից դուրս բերելու վերջնական թույլատվություն է տրվել, ապա կապիկները մեքենաներով տեղափոխվել են Կիլիմանջարոյի օդանավակայան, որտեղից էլ մասնավոր չարտերային չվերթով պետք է տեղափոխվեին Հայաաստան: Այդ ժամանակ օդանավակայանում է գտնվել Տանզանիայում, Խաչատրյանի խոսքերով, ուղղակի հանգստանալու նպատակով գտնվող իր ընկերը՝ Արտյոմ Վարդանյանը: Վերջինս Խաչատրյանին խնդրել է թույլ տալ նույն ինքնաթիռով մի քանի պայուսակ ուղարկել Հայաստան: Խաչատրյանը համաձայնվել է ապա առաջարկել Արտյոմ Խաչատրյանին նույն ինքնաթիռով թռչել Հայաստան և զուր գումար չծախսել այլ չվերթով Հայաստան վերադառնալու համար, ինչից հետո Վարդանյաններին ձերբակալել են.

«Տարօրինակ է, որ «ապրանքը» Կիլիմանջարոյի օդանավակայանի մաքսատանը գրանցվել է, սակայն իմ տեղեկություններով, այնօ դանավակայան չի էլ հասել: Ես նաև պետք է հավաստիացնեմ ձեզ, որ ցանկացած օդանավակայանում նման «ապրանք» գրանցելու ժամանակ ներկա են լինում մասնագետներ, ներկայացուցիչներ բնապահպանության նախարարությունից և այլն»:

Ապա Խաչատրյանը նշեց, որ անարդար է ցեխ նետելը Վարդանյանների վրա, ովքեր շատ լավ գործեր են արել՝ օգնելով հաշմանդամություն ունեցող երեխաներին, ծերերին: «Զօօ Ֆաունա Արտ» ընկերության սեփականատերը հայտնեց, որ իրենք տեղացի փաստաբան են վարձել, ով զբաղվում է գործով: Ավելի ուշ բանախոսն ասաց, որ իր խնդրանքով Վարդանյանը մի քանի նախարարություն է մտել, խոսել մարդկանց հետ և դուրս եկել, իսկ այն դիտարկմանը, թե դրա համար վերջինս պետք է լիազորություն ունենար, Խաչատրյանը պատասխանեց որ փաստաթղթերով զբաղվել է իր գործընկերը, իսկ Արտյոմ Վարդանյանն ուղղակի հետևել է, որ գումարները զուր չվատնվեն:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Խաչատրյանը խոսեց նաև այն մասին, որ ինքը հետախուզվում է Իմտերպոլի կողմից, սակայն Ինտերպոլին դիմած Կոնգոյի մեղադրնանքերը դատարկաբանություն են, ինքը Կոնգոյում չի եղել և անօրինական բան անել չէր կարող:

Վերջում Արթուր Խաչատրյանը ևս մեկ անգամ հայտարարեց, թե Արտյոմ Վարդանյանը կապ չունի կապիկների հետ, դրանք եղել են իր կապիկները, ինքն է զբաղվել այս կապիկները Տանզանիայից Հայաստան ներկրելով և պետք չէ ինչ-որ հրապարակումներով ցեխ գցել մարդկանց վրա:

Նույն շարքից