Ամերիկուհի Բյութիֆուլ Էքզիսթենսը պատմել է, որ Փարիզում ինքն իր հետ է ամուսնացել։
Հարսանիքը տեղի է ունեցել 2015 թվականի հունիսին, սակայն լրատվամիջոցներն այդ մասին գրում են միայն այժմ:
The Sun-ի հաղորդմամբ՝ Սիեթլի 42-ամյա բնակչուհու նախկին անունը եղել է Դեզիրե Լոնգաբո։ Նա փոխել է իր անունը՝ դառնալով Բյութիֆուլ Էքզիսթենս, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է՝ «գեղեցիկ էակ»։
Ֆրանսիայի մայրաքաղաքում հարսանեկան միջոցառման համար նա ծախսել է 4.2-5 հազար ֆունտ սթերլինգ: Իր ամուսնության տարեդարձի նախաշեմին, Էքզիսթենսն այլոց ևս կոչ է անում հետևել իր օրինակին։
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է ինքն իր հետ ամուսնանա՝ մինչ այլ ինչ-որ մեկի հետ ամուսնությունը»,-հայտարարել է ամերիկուհին։
Նրա խոսքով՝ ինքն իր հետ ամուսնանալն իրեն ազատել է կողակցի փնտրտուքներից։
Ավելի վաղ Էքզիսթենսն ամուսնացած է եղել։ Նա երկու որդի ունի։


