«Հրապարակ» թերթի տեղեկություններով` կրկին ժամանակավորապես հետաձգվում է Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության մասին հայտարարությունը. առաջացել են մարդկային ռեսուրսների հետ կապված, ինչպես նաեւ տեխնիկական խնդիրներ: Բանն այն է, որ որոշ հայտնի անձինք, որոնք խոստացած են եղել, որ կանդամակցեն կուսակցությանը, վերջին պահին հետ են քաշվել:
Բացի դրանից, կուսակցությունը, գրանցվելու համար, պետք է ունենա երկու հազար անդամ` ստորագրությամբ, հասկանալի է, որ կոնկրետ Օսկանյանի դեպքում այդ ստորագրությունները հատ-հատ ստուգվելու են, ուստի ավելի «մանրակրկիտ» աշխատանքի անհրաժեշտություն է առաջացել: Կուսակցությունը գրանցելու համար եւս պետք է ունենա տարածքային կառույցներ, որոնք այս պահին դեռ չեն ձեւավորվել: Ինչ վերաբերում է փողին, ապա նոր ստեղծվելիք կուսակցությունը նման խնդիր չունի՝ որոշ երկրներից աջակցության խոստումներ ստացվել են, տեղեկացրեց մեր աղբյուրը: Իսկ հնարավո՞ր է ընդհանրապես չստեղծվի կուսակցությունը, հարցրինք մեր զրուցակցին: «Բացառվում է, պարզապես մի քիչ կուշանա»: