Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Սերժ Սարգսյանը կիսում է ՀՀԿ-ն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գուցե տարօրինակ հնչի, սակայն ՀՀԿ դպրոցի բացումը, որը ոչ այն է քաղաքական է լինելու, ոչ այն է կուսակցական, խոշոր հաշվով՝ հիշեցնելու է կուսակցությանը հասցված կացնի հարված, որով ՀՀԿ-ն կիսվելու է: Ավելի շուտ՝ կիսվելու է ՀՀԿ պատմությունը: Այն բաժանվելու է մինչեւ դպրոցը եղած շրջանի կամ շրջափուլի եւ դպրոցից հետո եղած շրջափուլի:

Այդ գործընթացը տեղավորվում է Հայաստանում իշխանության ձեւավորման կամ վերադասավորման այն գործընթացի մեջ, համատեքստում, որը սկսել է Սերժ Սարգսյանն ու փորձում է առաջ տանել, եւ որի առավելագույն նպատակը 2018 թվականից հետո որպես վարչապետ մնալն է, իսկ նվազագույնը՝ ՀՀԿ միջոցով ստվերային իշխանություն պահելը եւ կուսակցական համակարգի միջոցով ապակենտրոնացված իշխանական համակարգի վրա ազդեցությունը պահպանելը, դե ֆակտո կառավարելը:

Այդ գործում շատ կարեւոր են ոչ միայն իրավա-քաղաքական, կազմակերպա-կառուցվածքային լուծումները, սերնդափոխության ֆիզիկական կամ ինտելեկտուալ իմիտացիաները, այլ նաեւ հոգեբանական կողմը: Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել իր իշխանության ձեւավորմանը, իրեն զգալիորեն ենթակա համակարգի կազմավորմանը: Կստացվի, թե ոչ, հանրությունը թույլ կտա, ի վիճակի կլինի դիմադրել այդ գործընթացին, թե ոչ՝ այլ խնդիր է: Ակնհայտ է, որ Սարգսյանը իր առաջ դրել է այդ խնդիրը եւ փորձում է գնալ անշեղորեն: Ձեւավորել սեփական իշխանություն, որը երկարաժամկետ ռեզերվով ենթակա է իրեն, գործնականում հնարավոր չէ առանց այդ հարցը առնվազն ՀՀԿ մասշտաբով լուծելուն: Իսկ ՀՀԿ մասշտաբով այդ հարցը հնարավոր չէ լուծել առանց հոգեբանական տրանսֆորմացիայի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից