ՀՀ բնապահպանության նախարարության՝ հոկտեմբերի 27-31-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.76 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել է 990 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման ութ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի ութ որոշում:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 139.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 343.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 486 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 200 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի տարածքում առկա խորքային հորի վրա տեղադրված կապարակնիքի պահպանությունը չապահովելու համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման չորս գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Վայոց ձորի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացրած շրջայցերի ընթացքում Աբովյան քաղաքում առգրավվել է 15 հատ տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկ: Ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ առգրավված 11.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.38 մլն դրամ գումար: