Գլխավոր Մամուլի ակումբ Պատահարներ 

Այս տարի Հայաստանում և Արցախում թույլ սեյսմիկությունն ակտիվացել է. ԱԻՆ մասնագետ

analitik.am

«Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մարտ ամսին տեղի ունեցած սեյսմիկ ցնցումներին՝ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը հաստատեց, որ մարտի 4-ին և 5-ին իսկապես Գավառի մոտ երկու թույլ ցնցում է նկատվել, սակայն դրանք չեն էլ զգացվել բնակչության կողմից. «Դրանից հետո նմանատիպ թույլ սեյսմիկ ցնցում տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսային հատվածում: Եթե խոսենք ցնցումների ընդհանրությունների մասին, ապա պետք է նշել, որ դրանք եղել են Հանրապետության հյուսիսային հատվածում և բոլորն էլ թույլ են, իսկ ինչ վերաբերում է տարբերություններին, ապա ասեմ, որ դրանք հարում են տարբեր սեյսմածին խզզվացքների, կամ գտնվում են դրանց մեջտեղում»,-ասաց պարոն Պետրոսյանը՝ հավելելով, որ մարտ ամսվա երկրաշարժերը տարածքային սեյսմիկության դրսևորումներից են:

Ներկայացնելով վերջին տարիներին գրանցված երկրաշարժերի վիճակագրությունը՝ ԱԻՆ ներկայացուցիչը հայտնեց, որ 2014 թվականին ՀՀ-ում և Արցախում տեղի է ունեցել 270 երկրաշարժ, դրանք գրանցվել են, տվյալները ներմուծվել են սեյսմիկ շտեմարան և հիմք են ծառայում տարներ ուսումնասիրություններ և հետազոտությունների, այդ թվում՝ նաև երկրաշարժերի կանխատեսման համար. «Ինչ վերաբերում է 2015-ին, ապա ասեմ, որ անցած տարի մենք ունեցել ենք 193 սեյսմիկ ցնցում: 2016-ի մասով ասեմ, որ այս տարի առաջին եռամսյակում մենք ունեցել ենք 65 սեյսմիկ ցնցում»: Եռամսյակների մասով մասնագետն ասաց, որ 2014-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում և Արցախում գրանցվել է 52 ցնցում, 2015-ի նույն ժամանակահատվածում՝ 49, իսկ այս տարի՝ 65. «Ամփոփելով թվերը՝ կարող ենք ասել, որ այս տարի թույլ սեյսմիկությունն ակտիվացել է:

Սա, ինչպես նաև ավելի հանդարտ ժամանակահատվածն օրինաչափ են, ուստի անհանգստության առիթ չկա:

Նույն շարքից