Հայաստան Քաղաքական 

ԵԽ նախարարների կոմիտեի որոշումը՝ Հայաստանի պարտավորությունների վերաբերյալ

Մարտի 30-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունել է որոշում Եվրոպայի խորհրդի անդամակցությունից հետո Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացի վերաբերյալ:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որոշման մեջ Նախարարների կոմիտեն ողջունում է Հայաստանի կողմից գրանցված կայուն առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների հանձնառությունը շարունակելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի իշխանության ամրապնդմանն ուղղված հետագա բարեփոխումները:

Նշելով երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացը` Նախարարների կոմիտեն խրախուսում է Հայաստանի իշխանություններին իրականացնել ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացը ներառական մոտեցումների հիման վրա՝ եվրոպական չափանիշներին համահունչ: Այս համատեքստում գոհունակությամբ նշվում է Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանի իշխանությունների սերտ համագործակցությունը:

Նախարարների կոմիտեն նաև կոչ է անում իրականացնել մի շարք խորհրդատվություններ, մասնավորապես, իրավական բարեփոխումների մասով, ինչպես նաև ընդունել խտրականության դեմ համապարփակ օրենք և համապատասխան փոփոխություններ կատարել մարդու իրավունքների պաշտպանի օրենքում՝ ընդգծելով ԵԽ պատրաստակամությունն աջակցելու հետագա առաջընթացի հասնելուն ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերին, մասնավորապես՝ 2015-2018թթ. ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրի շրջանակներում:

Այնուհետև Նախարարների կոմիտեն նշում է, որ հետագայում Հայաստանի պարտավորությունների կատարման առաջընթացի հարցի քննարկման շրջանակներում կդիտարկի Հայաստանի հանդեպ անդամակցությունից հետո կիրառվող մոնիտորինգային գործընթացը երկխոսության հիման հիմնված համագործակցության և առաջընթացի պարբերաբար գնահատման մեխանիզմով փոխարինելու հարցը:

Նույն շարքից