Հայաստան Քաղաքական 

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը կոչ է անում միջազգային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Ղարաբաղյան ուժերի կողմից անցյալ գիշեր ետ մղված Բաքվի զանգվածային հարձակումները հաստատում են, որ ադրբեջանական ներկայիս վարչակարգը չի կարող վստահելի գործընկեր համարվել միջազգային հանրության կողմից: Այս մասին հայտարարել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը` կոչ անելով միջազգային պատժամիջոցներ կիրառել այդ առնչությամբ:

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը խորին հուզմունքով է տեղեկանում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացված լայնամասշտաբ ռազմական հարձակման մասին: Բաքվի կողմից իրականացված այս հարձակողական գործողությունները աննախադեպ կերպով խախտում են հրադադարի ռեժիմը: Հարձակվողներն օգտագործվել են ծանր հրետանի, տանկեր և մարտական ուղղաթիռներ: 1994 թ. ի վեր առաջին անգամ նրանք նաև նշանի տակ են վերցրել ղարաբաղյան քաղաքների բնակչությանը՝ պատճառելով քաղաքացիական զոհեր, այդ թվում՝ երեխաներ:

«Մենք ցանկանում ենք մեր արդարացի զայրույթն արտահայտել մահաբեր այս նոր հարձակման առիթով: Մենք նաև մեր աջակցությունն ենք արտահայտում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Սփոփված ենք, որ պաշտպանական միջոցառումների շնորհիվ այդ հարձակումները կանգնեցվել են»,- ասել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:

Ղարաբաղյան ուժերի վճռական հակագրոհը ծանր կորուստներ է պատճառել հարձակվողների շրջանում՝մասնավորապես ոչնչացնելով գրոհային ուղղաթիռներ և անօդաչու սարքեր: Այսօր առավոտյան գործողությունները շարունակվում են պակաս ուժգնությամբ։ Ռազմական կորուստներ գրանցվել են նաև ղարաբաղյան կողմում: Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը խստագույնս դատապարտում է այս հարձակումները, որոնք ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունը չի ցանկանում արդար և վերջնական կերպով խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: «Այս հարձ ակումները տեղի են ունենում անգամ այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևը դեռ երեկ ուխտադրուժ կերպով իր բարի կամքն էր հավաստում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: Ֆրանսիան և ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահ տերությունները պետք է լիարժեք կերպով ընկալեն, թե ինչ է դա նշանակում. դա նշանակում է, որ Ադրբեջանի խոսքը ոչինչ չարժե, որ այդ երկիրն առաջնորդվում է իշխանության եկած հանցախմբի պատերազմածին կամքով», -հայտարարեց Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը, առերեսվելով տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հանդեպ Ադրբեջանի կողմից սպառնալիքների նոր դրսևորումներին, կոչ է անում միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Բաքվի իշխանության նկատմամբ:

Նույն շարքից