2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնակչության թվաքանակը 3 100-ով նազել է: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ ամփոփելով 2014 թվականի ինն ամիսների ժողովրդագրական տվյալները:
«2014թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2014թ. հունվարի 1-ի համեմատ նվազել է 3,2 հազար մարդով, որը ձևավորվել է 2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում արձանագրված բնական հավելաճի` 10,4 հազար մարդ և միգրացիայի մնացորդի՝ -13,6 հազար մարդ, ցուցանիշների տարբերության հաշվին»,- ասաց նա:
Կարինե Կույումջյանը հայտնեց, որ 2014թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է 31 610 ծնված, որը 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել Է 3,7%-ով, չնայած դրան նա հայտնեց նաև, որ 2014թ. հունվար-սեպտեմբերին 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ մահվան դեպքերը ևս աճել են 4,5%-ով: «2014թ. հունվար-սեպտեմբերին ծնվածների թվաքանակը 1,5 անգամ գերազանցել է մահացության դեպքերը»,- ասաց նա: Նա նշեց, որ տղա-աղջիկ համամասնության առումով շարունակում է ծնված տղա երեխաների թիվը գերակշռել:
Նա նշեց, որ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ստացված ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգի վարչական հաշվառման համաձայն, 2014թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է բնակչության տեղաշարժերի հաշվառման և հաշվառումից դուրս գրման 63 182 գրանցումներ, ներառյալ ներհանրապետական տեղաշարժերը, որոնք կազմել են ընդամենը գրանցումների 80,1%-ը:
«Վերջնական եզրակացություն կարելի է անել տարեկան կտրվածքով ցուցանիշների հիման վրա»,- ասաց նա: