Ադրբեջանի ՊՆ կայքն այսօր՝ ապրիլի 3-ին, հայտարարություն է տարածել, թե իբր ադրբեջանական կողմը միակողմանի դադարեցնում է կրակը: Ադրբեջանական կողմի հայտարարությունն անմիջապես հերքել են հայկական գերատեսչությունների խոսնակները:
Մասնավորապես Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայկական Panarmenian.net լրատվակայքին հայտնել է, որ կրակը միակողմանի դադարեցնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում:
Նույնը հետևում է նաև ՊԲ կայքի հրապարակումից, ըստ որի՝ թեժ մարտեր են ընթանում Արցախի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում, իսկ շփման գծի ողջ երկայնքով լարվածությունը պահպանվում է: Բացի այդ էլ ադրբեջանական կողմը հրետակոծում է Մարտակերտի խաղաղ բնակիչներին:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ադրբեջանական հաղորդագրությունը կեղծ է: