Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպանատունը հերքել է նախօրին և այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող լուրն այն մասին, որ իբր Թուրքմենստանի նախագահը երեկ, մեկնաբանանելով արցախյան ճակատի իրադարձությունները, նշել է, թե «իրենք պատրաստ են ցանկացած օգնություն տրամադրել Ադրբեջանին»: Այս մասին հայտնում է ադրբեջանական Report.az լրատվակայքը:
Թուրքմենստանի դեսպանատունը պահանջել է, որպեսզի Ադրբեջանը անմիջապես պաշտոնապես հերքի ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող սադրիչ լուրերը և քայլեր ձեռնարկի, որպեսզի նման լուրեր այլևս չտարածվեն:
Հետաքրքրական է նաև թուրքմենական կողմի հերքման վերաբերյալ ադրբեջանական որոշ օգտատերերի արձագանքը: Մասնավորապես այս մեկը նշում է, որ այդ լուրն էլ սխալ դուրս էկավ (ի թիվս ադրբեջանական լրատվամիջոցների հայտնած այլ լուրերի — Ռազմինֆո): Իսկ ադրբեջանցի հայտնի բլոգգերը նշում է, որ երեկվանից այդպիսի սուտ լուրեր շատ են տարածվել:
Աղբյուրը՝ razm.info
