Քաղաքական Միջազգային 

Թուրքիան ԼՂ-ի հարցում իր միակողմանի դիրքորոշմամբ ավելի է շիկացնում իրավիճակը. ՌԴ Դաշնության խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի դիրքորոշումը, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում փոխգործակցում է միայն Ադրբեջանի հետ, հակասում է գերտերությունների պատասխանատու քաղաքականությանը և «կրակի վրա յուղ է լցնում»: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը:

Սենատորն ընդգծել է, որ վաղեմի այդ հակամարտության կարգավորման համար Ռուսաստանը շփումներ է պահպանում շահագրգիռ կողմերի հետ: «Ռուսաստանի նման իրենց դրսևորում են նաև համաշխարհային քաղաքականության մյուս պատասխանատու մայրաքաղաքները՝ ներառյալ Նյու Յորքը (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը), Վաշինգտոնը, Բրյուսելը, Լոնդոնը, Բեռլինը, Փարիզը և այլն: Միայն Անկարան է իրեն պահում այլ կերպ:

Եթե չեմ սխալվում, միակ առաջնորդը, որը վերջին օրերին դիմել է միայն մեկ մայրաքաղաքի և ամեն հարցում աջակցել է համապատասխան կողմին, եղել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Նման միակողմանի ու անպատասխանատու դիրքորոշումն ըստ էության կրակի վրա յուղ է լցնում, հակամարտող կողմերից մեկին խթանում է դրա շարունակման համար»,- գրել է նա:

Կոսաչևը հավելել է, որ Անկարայի գործողությունները փաստացիորեն ուղղված են ողջ միջազգային հանրության դեմ, քանի որ բոլորը, բացի Թուրքիայից, հասկանում են, որ այդ հակամարտությունում չի լինի մեկ հաղթող, սակայն կարող են լինել երկու պարտվածներ ու բազմաթիվ զոհեր:

Կոսաչևն ընդգծել է, որ Թուրքիան այդ մոդելով գործել է Սիրիայի դեմ, իսկ այժմ սկսում է դա անել Ուկրաինայի դեմ, ինչը բավական վտանգավոր է:

Նույն շարքից