Հայաստան Քաղաքական 

Ժամանակն է օրակարգ մտցնենք ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչելու հարցը. Հրանտ Բագրատյան

«Կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք քառօրյայի օրակարգ մտցնենք Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու հարցը»,-այսօր՝ ապրիլի 4-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Արձագանքելով առաջարկին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. «Նախագահը ԱԳ նախարարին հանձնարարել է աշխատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ռազմական փոխօգնության մասին պայմանագիր ստորագրելու ուղղությամբ, աշխատանքներն ընթանում են, հարցը կքննարկվի նաև ԱԺում»:

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին խոսեց նաև ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ Արցախը պետք է մասնակից լինի բանակցային գործընթացին և այդ թվում նաև միջազգային հարթակներում հայտնի իր դիրքորոշումը:

Տիկին Փոստանջյանի խոսքերով նաև անհրաժետ է փաստեր հավաքագրել արդբեջանական վայրագությունների և ագրեսիվ վարքի մասին, որպեսզի Հայաստանն ունենա բանաձև և հնարավոր լինի հարցը բարձրացնել ԵԽԽՎ-ում՝ ընդհուպ հասնելով Եվրոպայի Խորհրդից Ադրբեջանի հեռացմանը, քանի որ մեր հարևանը պարտավորություններ է ստանձնել, որոնք չի կատարում:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ պետք է իրավական առումով քայլեր կատարվեն՝ կապված ադրբեջանի գործողությունների հետ: Մարուքյանի խոսքերով Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է կատարում, որի մասին պետք է փաստաթղթեր ունենալ, դիմել միջազգային ատյաններին, գործեր հարուցել:

Նույն շարքից