Թուրքիայի առաջադեմ «ձախերի» կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է, որը բխում է ոչ միայն հայկական շահերից, այլ միևնույն ժամանակ դրական է անդրադառնում հենց Թուրքիա պետության վրա. այսօր հրավիրված ասուլիսին ասաց «Եփրատ» կենտրոնի նախագահ, թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: «Նման քայլը Թուրքիայի միջազգային իմիջի տեսանկյունից դրական է անդրադառնում, որովհետև ընկալվում է որպես ժողովրդավարացման քայլ»,- ասաց նա:
Ցեղասպանության ճանաչումը, ըստ թուրքագետի, իհարկե, մեծ աղմուկ է բարձրացրել, որը ողջունելի է, բայց նա ընդգծեց, որ «Կանաչների և ձախ ապագայի կուսակցությունը» քաղաքական ազդեցիկ օրակարգ ձևավորող ուժ չէ: «Ձախերը ազդեցիկ ուժերի մեջ չեն մտնում»,- ասաց նա և հավելեց, թե ձախերը առավել են տրամադրված բաց ու ազատ խոսելու Հայոց ցեղասպանության թեմայով:
Թուրքագետը հավելեց, թե թուրքական պետությունը դա օգտագործելու է ի ցույց դնելով, որ երկիրը դրական փոփոխությունների է գնում, բայց Թուրքիան, միևնույնն է, շարունակում է իրեն հատուկ քաղաքականությունը:
Հարցին, թե այս քայլը կարող է դոմինոյի դեր խաղալ գոնե փոքր կուսակցությունների շրջանում, Գևորգ Պետրոսյանը չբացառեց. «Ձախերը միավորում են կանաչների հետ, իհարկե հնարավոր է, որ դա ձախաթևյան այլ ուժերի և փոքր կուսակցությունների վրա էֆեկտ ունենա»:
Նա ի դեպ նշեց, որ ձախեր-պետություն հարաբերությունները տասնամյակներով թշնամացած են: