Հասարակություն 

ԱՄՆ-ում ազատ են արձակել 39 տարի սպանության համար սխալմամբ դատապարտված տղամարդուն

ԱՄՆ Քլիվլենդ քաղաքի դատարանը վճռել է ազատ արձակել բանտից 57-ամյա Ռիկի Ջեքսոնին, որը սխալ դատավարության հետևանքով ճաղերի հետևում անցկացրել է 39 տարի: Այս մասին հայտնում է TASS-ը:

1975թ. Ջեքսոնը, որը այդ ժամանակ 19 տարեկան էր, ու նրա երկու ծանոթները՝ եղբայրներ Ուայլի ու Ռոննի Բրիջմենները, կալանավորվել էին քլիվլենդցի գործարարին սպանելու մեղադրանքով:

Դատարանում վկայություն էր տվել 12-ամյա երեխա, որը պատմել էր, թե իբր տեսել էր, ինչպես են այդ երեքը հաշվեհարդար տեսնում գործարարի հետ:

Արդյունքում՝ Ջեքսոնին դատապարտել էին մահապատժի, իսկ եղբայրներին երկարատև ազատազրկման: Օհայոյում 1978թ. մահապատժի վերացման հետևանքով Ջեքսոնի դատավճիռը փոխվել էր, ու նա դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Սակայն անցած տարի որպես վկա հանդես եկած մարդը խոստովանել է, որ ստել է դատարանում դետեկտիվների ճնշման ներքո: Այս շաբաթ դատարանը նոր հանգամանքները հաշվի առնելով երեքին էլ անմեղ է ճանաչել:

Նույն շարքից