Հասարակություն 

Սա ապտակ է Ադրբեջանի զինվորական ղեկավարությանը. Միհրան Հակոբյան

analitik.am

Ադրբեջանագետ Միհրան Հակոբյան, ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունները տարհանելու նպատակով այսօր ԼՂՀ ՊՆ-ի կողմից իրականացված մարտական հատուկ գործողության մասին։

«Կարծում եմ «մի քիչ էլ անհամաչափ պատասխանի» մասին դեռ վաղ է խոսել, ՊԲ հատուկ նշանակային ուժերն ընդամենը մեր զոհված սպաների մարմիններն են վերադարձրել` իհարկե, գործողությունն իրականացնելով բարձր պրոֆեսիոնալիզմով ու թշնամուն պատճառելով զգալի մարդկային ու նյութական վնասներ: Եթե հաշվի ենք առնում այն, որ ուղղաթիռի անկման վայրում ադրբեջանական բանակը ծուղակ է պատրաստել, և հայ հատուկստորաբաժայինները կարողացել են չեզոքացնել դրա վտանգն ու առանց կորուստների վերադարձնել զոհված սպաներին, ապա սա իրոք լավ մտածված ու գրագետ իրականացված ռազմական գործողություն է:

Սա ապտակ է Ադրբեջանի զինվորական ղեկավարությանը: Մոտ տարածության վրա անպաշտպան, գրոհի չսպասող ուղղաթիռին ինքնաուղղորդվող հրթիռով խոցելն առանձնապես մեծ տղամարդկություն ու զինվորական քաջություն չպահանջող գործողություն է: Բայց,երբ հակառակորդդ մոտենում է պատրաստածդ ծուղակին, ոչնչացնում է այն ու «քթիդ տակից» դուրս է հանում այն, ինչը դու չէիր ցանկանում վերադարձնել` ի լուր աշխարհի հայտարարելով, թե դա կանես այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնես, ապա սա արդեն ռազմական նվաստացում է:

Զինադադարի ռեժիմի խախտման և ԼՂՀ ՊԲ ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելը կարևոր էր, բայց նախորդ օրերի իրադարձություններն ապացուցեցին, որ ադրբեջանցիների հետ ունեցած խնդիրների լուծման ամենաարդյունավետ և, թերևս, միակ ապավենը շարունակում է մնալ հայկական բանակը:Եվ ընդհանրապես, պետք է վերջնականապես ընդգծել, որ մենք գործ ունենք միջազգային մարդասիրական իրավունքը հերքող և վայրենացած հասարակության հետ, որը 20 տարուց ավել դաստիարակվել է հայակերտության ոգով: Ադրբեջանը ցանկացած առիթ օգտագործելու է հակահայկական գործողություններ իրականացնելու համար և տարածաշրջանում հայկական գործոնը ֆիզիկապես ոչնչացնելու ադրբեջանաթուրքական պլաններին խանգարում են միայն ու միայն հայկական զինված ուժերը»։

Նույն շարքից