Ria.ru-ն, հղում անելով Sabah թերթին, գրում է, որ թուրք հաքերները ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը զուգահեռ կիբերհարձակումների շարք են սկսել հայկական կառավարական կայքերի վրա՝ իբր ժամանակավորապես պարալիզացնելով դրանց աշխատանքը: Թե որքանով է ինֆորմացիան համապատասխանում իրականությանը, Analitik.am-ի թղթակիցը փորձեց ճշտել մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանից:
Վերջինս նշեց, որ կայքերը չեն կոտրվել, բայց դրանց վրա ddos հարձակում է գալիս. «Այդ հարձակման իմաստը սերվերների վրա աղբ լցնելն է, որպեսզի դրանք ծանրաբեռնվեն: Իրոք նման հարձակումներ կան: Բարդ է ասել, թե ովքեր են հարձակվողները, քանի որ այս տեսակի հարձակումների հեղինակները չեն երևում: Պետք է ասել, որ նշված կայքերի պաշտպանությունը հիմա ավելի բարձր մակարդակի վրա: Եթե նկատել եք, վերջին օրերի ընթացքում կառավարական կայքեր մուտք գործելը բարդացել էր, իսկ դրա պատճառերից մեկն էլ այցելուների մեծ թիվն էր: Այսինքն, հաքերային հարձակումները և այցելուների թվի աճը հանգեցրել էր կայքերի աշխատանքում բարդությունների: Նշեմ, որ նախորդ դեպքերի հետ համեմատած՝ հարձակման ազդեցությունն այս անգամ ավելի թույլ է: Չեմ կարող ասել՝ դա հարձակման թույլ լինելու հետ կապ ունի, թե՝ մեր պաշտպանությունն է նոր մակարդակի բարձրացել»:
Այն հարցին, թե մեր հաքերներն արդյոք նման գործողոթյունների դիմել են, պարոն Մարտիրոսյանն ասաց՝ այո, և հենց դրա արդյունքն է, որ Ադրբեջանի կառավարության կայքը երկար ժամանակ չէր աշխատում: