Քաղաքական Միջազգային գլխավոր 

ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները ճնշում են գործադրում երկրի իշխանությունների վրա

Միացյալ Նահանգների հայկական խոշոր կազմակերպությունները` Ամերիկայի հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական համագումարը լուրջ աշխատանք են սկսել ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ՝ Ադրբեջանի հարձակողական գործողությունների դեմ:

Համագումարը նամակ է ուղղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին, որում կոչ են անում ԱՄՆ-ին վերականգնել Ազատության աջակցության ակտի 907 ենթաբաժինը, որն արգելում է Միացյալ Նահանգներին որևէ օգնություն տրամադրել Ադրբեջանին, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Կրիկորյանը նամակում ընդգծել են, որ Միացյալ Նահանգների կողմից չի կարող տրամադրվել որևէ օգնություն Ադրբեջանին «այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել թշնամական գործողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ և չի համաձայնել հետևել հակամարտության խաղաղ կարգավորման ուղուն»:

Իր հերթին, Ամերիկայի հայ դատի հանձնախումբը նամակ է ուղղել Միացյալ Նահանգների Սենատի և Ներկայացուցիչների պալատի հանրապետական և դեմոկրատ ղեկավարներին՝ կոչ անելով նրանց պահանջել հրապարակել ԱՄՆ-ի հետախուզական արբանյակների և այլ հատուկ ծառայությունների տվյալները՝ ապրիլի 2-ին Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած բախումների նախօրեին զինվորական պատրաստությունների վերաբերյալ:

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակում մասնավորապես նշում է, որ բախումների նախօրեին Վաշինգտոնում հանդիպումներ անցկացնող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իրականում նախապատրաստվում էր ռազմական գործողությունների Ղարաբաղում:

Նույն շարքից