Մենուա Հարությունյանը գրում է իր ՖԲ էջում.
Անդրադառնալով իմ այն մտքին, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանում բարձրացել է խոսքի ազատության մակարդակը` օլիգարխի TV-ում աշխատող Արմեն Դուլյանն արձագանքել է. «Ըստ «Freedom House» հեղինակավոր միջազգային կազմակերպության` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման բոլոր տարիներին Հայաստանը գտնվել է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների տխուր ցուցակում»: Այնուհետև պարոն Դուլյանը կոչ է արել ինձ փաստերը չխեղաթյուրել:
Հարգելի՛ պարոն Դուլյան, եթե հավատանք Ձեր կողմից այդքան կարևորվող «Freedom House»-ին և ընդունենք, որ Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակ է, ապա ինչպե՞ս է, որ ընդդիմադիր Գագիկ Ծառուկյանը, ոչ թե թերթ կամ կայք, այլ սեփական TV-ի ունի, որտեղ դուք աշխատում եք: Թե՞ չհավատանք Գագիկ Ծառուկյանին՝ մտածելով, որ նա ոչ թե ընդդիմություն է, այլ իշխանության ներկայացուցիչն է ընդդիմությունում: Ի՞նչ եք առաջարկում, ու՞մ հավատալ` «Freedom House»-ին, թե՞ Գագիկ Ծառուկյանին:
Եթե չկա խոսքի ազատություն, ապա ինչպե՞ս ընդդիմադիր ԲՀԿ-ն ունի TV, բազմաթիվ կայքեր, ընդդիմադիր ՕԵԿ-ն ունի TV, կայքեր, թերթ, ընդդիմադիր մյուս կուսակցությունները ևս տիրապետում են լրատվական գործիքների:
Իսկ իշխանական համարվող TV-ները, կայքերն ու թերթերը լուսաբանում են ամեն ինչ` այդ թվում և ընդդիմության հանրահավաքները: Էլ չեմ խոսում ֆեյսբուքում արտահայտվող մտքերի մասին. իշխանության հասցեին հնչում է ոչ միայն քննադատություն, այլ նաև, շատ հաճախ, վիրավորանքներ` այդ թվում նաև անձնական: Ի՞նչ է այս ամենը, եթե ոչ խոսքի ազատություն:
Ես հասկանում եմ, որ օլիգարխի մոտ աշխատելով` դադարել եք աշխարհին նայել Ձեր աչքերով և տեսնում եք միայն այն, ինչը թույլ են տալիս Ձեզ, բայց հավատացեք՝ Ձեր տարիքում և Ձեր պրոֆեսիոնալիզմով Դուք կարող եք առավել օբյեկտիվ նայել աշխարհին, իսկ «Freedom House»-ը քաղաքական գործիք է, որով արևմուտքը չափում է այն, ինչ իրեն պետք է: Ես հավատում եմ իմ աչքերին, իմ երկրի նախագահին, այլ ոչ անհեթեթ «հեղինակավոր» «Freedom House»-ների:
Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Հայաստանում Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին խոսքի ազատությունն անհամամետ բարձր է, և սա չնկատել կարող են միայն չցանկացողները: