Այսօր՝ ապրիլի 6-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում հրավիրված քննարկման ժամանակ, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք հայկական կողմի կորուստներն, այսպես ասած, իզուր չէին,եթե հաշվի առնենք այն, որ հակառակորդը դաս չի քաղել և կարող է կրկին հարձակվել՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասաց, որ զոհերը իզուր չեն եղել, և դա շատ սխալ ձևակերպում է, քանի որ այդ տղաներն իրենց կյանքի և առողջութան գնով կանգնեցրեցին հակառակորդի առաջխաղաղացումը. «Հենց այդ տղաները ձախողեցին հակառակորդի պլանները՝ չեզոքացնելով հակառակորդի բանակի «էլիտար» մարտիկներին»:
Փորձագետի խոսքերով, ինչ-որ առումով իզուր չէին նաև ադրբեջանական կողմի զոհերը, քանի որ Ալիևը խնդիր ուներ այդ կերպ լուծել իր նեղ խնդիրները և նրա մոտ դա հաջողվեց. «Ադրբեջանում կատարվածը ներկայացնելու են որպես հաղթանակ, մարդիկ էլ ուտելու են այդ խայծը: Իսկ իրականում Ադրբեջանի նախագահը թանկարժեք զինտեխնիկա և մարդկային կյանքեր զոհեց իր նեղ խնդիրները լուծելու համար: Այլ բան է, որ հակառակորդը չստացավ այն պատասխանը, որից հետո մյուս անգամ նման արկածախնդրության գնալուց առաջ կմտածեր: Ես մտավախություն ունեմ, որ նույն սցենարը կարող է կրկնվել նաև հաջորդ անգամ, երբ Իլհամ Ալիևը խնդիրներ կունենա»:
Վրթանեսյանը նաև չբացառեց, որ այս հրադադարով ադրբեջանական կողմն ուղղակի ժամանակ է շահում նոր ուժեր սահմանին մոտեցնելու համար. «Ամեն դեպքում, քանի դեռ Ադրբեջանում պետական համակարգը չի փոխվել, դրական զարգացումների սպասել պետք չէ»:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ հայկական կողմի պաշտոնական աղբյուրներն իրարամերժ տեղեկություններ են հայտնում հայկական դիրքերի մասին՝ փորձագետը ենթադրեց, որ չեզոք գոտին մեծացել է այդ թվում նաև հայկական դիրքերի հաշվին, բացի դրանից կան դիրքեր, որոնք նախատեսված են առաջին հարվածի դեպքում զիջելու համար, որպեսզի դրանց վրա աշխատի հրետանին. «Հիշեք նաև, որ ամեն ինչ չէ, որ պետք է հայտնվի»:
Ինչ վերաբերում է զինվորներին սննդով, հագուստով և այլ պարագաներով օգնելու համար կազմակերպված միջոցառումներին, Վրթանեսյանն ասաց, որ ամեն ինչ պետք է կազմակերպված արվի, քանի որ նույն սնունդը կարող է փչանալ, կամ այն, ինչը ուղարկվում է, այլևս պետք չէ:
Քննարկման մասնակիցներից մեդիափորձագետ Միքայել Յալանուզյանի կարծիքով այս միջոցառումները ծառայում են հասարակության սոցիալիզացմանը և մարդիկ ուղղակի ցանկանում են ինչ-որ կերպով օգնել զինվորներին:
Լրագրողի այն հարցին, թե պետք է արդյոք լուսաբանել այս ամենը՝ միջազգայնագետ Էդգար Էլբակյանն ասաց՝ այո. «Պետք չէ մտածել, որ ադրբեջանական կողմը կասի հայերը բանակ չունեն և այլն, քանի որ գրես-չգրես, նրանք մի բան կհորինեն, եթե նման ինչ-որ մտադրություններ ունենան»: