Հայաստան Քաղաքական 

Եթե դա հաստատվի, Ադրբեջանի համար շատ վատ է լինելու. Արման Նավասարդյան

«Ես եղել եմ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաջին ներկայացուցիչը, երբ Ադրբեջանն այնտեղ դեռ չկար և Թուրքիան էր ներկայացնում այդ երկրի պահանջները: Այդ բարդ պատերազմական ժամանակահատվածում Արցախը ներկա է եղել: Ես չեմ ասում, թե եղել է բանակցային գործընթացի լիարժեք կողմ, բայց Արկադի Ղուկասյանն այդ տարիներին ավելի շատ լինում էր Վիեննայում, քան՝ Ստեփանակերտում: Ես չգիտեմ՝ երբ ու ում մեղքով Արցախը դուրս մնաց բանակցություններից: Ամեն դեպքում կարծում եմ, որ դա մեր դիվանագիտության վերջին 25 տարվա ամենալուրջ պարտությունն է»,-այսօր՝ ապրիլի 6-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ նոր պայմանագիր ստորագրվի ղարաբաղյան հարցում, որի համար տարվող բանակցություններում Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ լինի:

Խոսելով նոր պայմանագիր ստորագրելու մասին՝ Նավասարդյանը նշեց, որ այն չպետք է ստորագրել՝ շրջանցելով 1994 թվականի պայմանագիրը, որտեղ Ղարաբաղը կողմ էր.

«Եթե կրկին սխալ արվի և Ադրբեջանը բանակցություններ վարի Հայաստանի հետ, լավ չի լինի, Բաքուն պետք է բանակցություններ սկսի Ստեփանակերտի հետ»:

Բանախոսը կողմ արտահայտվեց այն տեսակետին, որ ՀՀ-ն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը.

«Ենթադրում եմ, որ Հայաստանից հետո մի քանի այլ երկրներ ևս կգնան այդ քայլին: Բացի դրանից, մենք պետք է դանդալոշ Եվրոպային հասկացնենք, որ հայերի նկատմամբ կատարվող իրադարձությունների վրա աչք փակելու պատճառով ամեն ինչ կարող է շուռ գալ հենց Եվրոպայի դեմ, ինչն արդեն տեղի է ունենում»:

Նավասարդյանը նաև վստահություն հայտնեց, որ այսօր աշխարհը կանգնած է քարտեզի վերաձևակերպման շեմին: Նրա կարծիքով ԱՄՆ-ը չի ցանկանում ոչնչացնել Ռուսաստանին, ուղղակի ցանկանում է մնալ միաբևեռ աշխարհի միակ բևեռը, իսկ Ռուսաստանը կլինի, օրինակ, գործընկեր.

«Կա նույնսիկ տեսակետ, որ Չինաստանի հզորացումը կանխելու համար Ռուսաստանը կարող է դառնալ Միացյալ Նահանգների դաշնակիցը: Չմոռանանք, որ դեռ 1803 թվականին Նապոլեոնը, Չինաստանի մասին խոսելիս, ասել է, որ այն «դրակոն» է, որին պետք չի արթնացնել»:

Պատասխանելով Analitik.am-ի այն հարցին, թե ինչպիսի հետևանքներ կլինեն, եթե հաստատվի, որ Ադրբեջանը հայկական կողմի դեմ Իսլամական պետության ահաբեկիչներ է օգտագործել, դիվանագետն ասաց, որ շատ վատ կլինի Ադրբեջանի համար, ուղղակի հիմա պետք է փաստեր հավաքել:

Նույն շարքից