Հասարակություն Իրավական 

Կենտրոնի դատարանից կալանավոր է փախել. ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ամբաստանյալ Ս.Դանիելյանի՝ դատարանի կալանավորներին պահելու համար նախատեսված խցից փախուստի դիմելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ դատապարտյալ, ներկայումս մեկ այլ քրեական գործով ամբաստանյալ Ս.Դանիելյանը 2016թ.-ի ապրիլի 5-ին ,Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մասնակցելու իր քրեական գործով դատական նիստին, որի ավարտից հետո գտնվել է նույն դատարանի կալանավորներին պահելու համար նախատեսված խցում։ Ժամը 17:30-ի սահմաններում, ձեռնաշղթայով փակված ճաղավանդակը բացելու միջոցով դուրս է եկել դատարանի շենքից, ապա դատարանի ավտոկայանատեղիի պարսպի վրայից ցատկելու միջոցով դիմել փախուստի:

Դեպքի առթիվ 2016թ.-ի ապրիլի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ պարզելու, թե ինչպես է կալանավորին հաջողվել բացել ճաղավանդակը։

Ապրիլի 6-ին քննիչը որոշում է կայացրել՝ Սպարտակ Դանիելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։

Նույն շարքից