ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 30 վիրավոր: Այս մասին հոսպիտալում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:«Երկու օր առաջվա տվյալներով ընդունել ենք ևս 18 վիրավոր զինծառայողի : Ընդհանուր առմամբ, ունենք 30 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանցից 4-ը ժամկետային զինծառայող են, մեկը` երկրապահ կամավորական: Վերջինս «Երկրապահ կամավորականների միության» անդամ է և վիրավորվել է Մատաղիսի տարածքում»,- ասել է Արամ Ասատուրյանը:
Ինչ վերաբերում է մյուս զինծառայողներին, ապա Արամ Ասատուրյանը նշեց, որ 5 զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր, մնացածի վիճակը միջին ծանրության է և բավարարին մոտ: Կոմայի մեջ է մեկ հոգի: «Բոլոր աշխատանքներն ամբողջ ծավալով կազմակերպված են, դուրս գրվողներ առայժմ չեն եղել, մահվան դեպքեր էլ չեն գրանցվել: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները տարբեր տեսակի վնասվածք ունեն, հիմնականում, հրազենային բեկորային վերջույթների, որովայնի և գլխի հատվածում: Արյան և սննդի կարիք չկա: Դրանից բացի, հոսիտալն ունի իր մաս նագետները և համագործակցում է առողջապահության համակարգի բոլոր առաջատար մասնագետների հետ, խորհրդակցություններ են կազմակերպվում: Մեր համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է»,-ասաց Արամ Ասատուրյանը:
Նա տեղեկացրել է, որ ապրիլի 5-ին հոսպիտալ էր եկել Պաշտպանության նախարարը, նա զրուցել է զինվորների հետ: Վիավորների մեծ մասը ցանկություն է հայտնել վերադառնալ սահման: Արամ Ասատուրյանը նշեց, որ նրանք հիմնականում կարող են շարունակել ծառայությունը: