ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 6-ի երեկոյան Բեռլինից մեկնել է Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամ:
ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Բրանդենբուրգի կառավարությունում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել այդ երկրամասի վարչապետ Դիթմար Վոյդկեի հետ:
Նշելով, որ Բրանդենբուրգն ամենաարագ զարգացող երկրամասն է Գերմանիայում՝ Սերժ Սարգսյանը դրանում կարեւորել է երկրամասի քաղաքային իշխանությունների ներդրումը:
«Լիահույս եմ, որ մեր երկխոսությունը շարունակական կլինի, եւ Ձեր արժեքավոր փորձն ու գիտելիքները կծառայեցնեք նաեւ Հայաստանի եւ Բրանդենբուրգի միջեւ համագործակցությանը, այդ թվում՝ ապակենտրոնացված կապերի ընդլայմանը»,-վարչապետ Վոյդկեի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Զրուցակիցները երկուստեք կարեւորել են տնտեսական ոլորտում փոխգործակցությունը, գործարար համայնքի ներկայացուցիչների միջեւ շփումների խրախուսումը, այդ համատեքստում` գերմանական նեդրումների ներգրավումը հայաստանյան շուկա:
Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումներին: Վարչապետ Վոյդկեն կարեւորել եւ ողջունել է բարեփոխումները, որոնք, նրա խոսքով, միտված են ապագային եւ զարգացման ամենահուսալի ճանապարհն են:
Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահի եւ Բրանդենբուրգի երկրամասի վարչապետի ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Բրանդենբուրգ երկրամասի միջեւ մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտությունների եւ մշակույթի նախարար Մարտինա Մյունխը:
ՀՀ Նախագահն այցելել է նաեւ Յոհաննես Լեփսիուսի տուն-հետազոտական կենտրոն: Սերժ Սարգսյանը կենտրոնի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդի ուղեկցությամբ շրջայց է կատարել հետազոտական հաստատությունում, եղել է Լեփսիուսի առանձնասենյակում, որտեղ նրան ցուցադրել են գաղտնի արխիվներում պահվող Լեփսիուսի ձեռագիր փաստաթղթերը:
Շրջայցի ավարտին ՀՀ Նախագահը գրառում է կատարել կենտրոնի պատվավոր հյուրերի գրքում. «Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ եւ պարզապես որպես հայ՝ խոր երախտիքով եմ գրում այս տողերը: Միայն մեծ մարդասերն ու արդարության անմնացորդ նվիրյալը այդքան հաղորդակից կարող էր լինել մեկ այլ ժողովրդի ցավին։ Յոհաննես Լեփսիսուսի գրչի շնորհիվ է նաեւ, որ այսօր՝ շուրջ մեկ դար հետո ճշմարտությունը կենդանի է, իսկ ժամանակն անզոր՝ սքողելու մարդկության սեւ էջերը։ Հայաստանն այսօր կանգուն է՝ հայ ժողովրդով, ինչպես դա ինքն էր փափագում»:
Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին Գերմանիայում նաեւ հարցազրույց է տվել ԳԴՀ հանրային ARD հեռուստաընկերությանը: