Հասարակություն 

Արամայիս Գրիգորյանն ու Քեթի Լիչը քննարկել են Հայաստանում էկոտուրիզմի զարգացման հեռանկարները

analitik.am

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչին: Արամայիս Գրիգորյանը ողջունել է տիկին Լիչի քաղաքավարական այցը բնապահպանության նախարարություն և շնորհակալություն հայտնել ոլորտի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

 

Կողմերը քննարկել են ՀՀ-ում և ընդհանրապես աշխարհում առկա բնապահպանական խնդիրները, անդրադարձել մեր երկրում բնության հատուկ պահպանվող տարածքների, էկոտուրիզմի զարգացման և այլ հարցերին:

 

Դեսպանը, առանձնահատուկ հիացմունք հայտնելով Հայաստանի գողտրիկ ու յուրօրինակ բնաշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ, նշել է, որ  երկիրը մեծ ներուժ ունի աշխարհում առավել հայտնի դառնալու և էկոտուրիզմի զարգացման համար:

 

Արամայիս Գրիգորյանն իր հերթին ընդգծել է, որ հատուկ պահպանվող տարածքների պահպանության բարելավման և էկոտուրիզմի զարգացման խնդիրները նախարարության առաջնահերթություններից են, ինչին և միտված են ՀՀ կառավարության ու միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերը:

 

Հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով այցի համար` նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում ևս առիթներ կլինեն հանդիպման և ոլորտային հարցերի շահագրգիռ քննարկման համար:

Նույն շարքից