Ռազմական Հասարակություն Մամուլի տեսություն 

Տավուշի սահմանամերձ գյուղերի տղամարդիկ զենք են ստանալու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում հավաքներ են կայանում, որոնց մասնակցում են սահմանամերձ բնակավայրերի մարտունակ տարիքի տղամարդիկ։ Ապրիլի 6-ին, ի թիվս Ադրբեջանին սահմանակից այլ համայնքների, նման հանդիպում է կայացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղում։ Երկրապահ կամավորականների միության Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռաֆիկ Ասլանյանը (Մուրոն) և ԵԿԱ Տավուշի մարզային վարչության նախագահի տեղակալ Հարություն Ղազինյանը հանդիպել են ոսկեպարցիների հետ, զենք ստանալու համար ցուցակագրում է արվել։ Ոսկեպարի մարտունակ տղամարդիկ զենք կստանան ըստ Նոյեմբերյանի զինկոմիսարիատում առկա կցագրումների, թե ով ինչ զենքի Է տիրապետում։

Հավելենք, որ Ոսկեպար գյուղը 1990– ական թվականների հայ-ադրբեջանական զինված հակամարտության տարիներին հերոսության և խիզախության բազում օրինակներ Է ցուցադրել, բազմաթիվ ոսկեպարցիներ են այդ կռիվներում զոհվել, վիրավորվել։ Այժմ Ղարաբաղում թեև լարվածությունը թուլացել Է, սակայն ամեն պահի մարտական թեժ գործողությունները կարող են վերսկսել։ Անկասկած, այդ պարագայում Տավուշի սահմանագոտին ևս դառնալու է կռվի թատերաբեմ։ Այս վտանգն աչքի առաջ ունենալով՝ մարզի սահմանամերձ գյուղերի ամեն բնակիչ զինվոր Է դառնում՝ պատրաստ պաշտպանելու հայրենի հողը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նույն շարքից