Հասարակություն 

Հայաստանն ընդգրկվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքում

Հայաստանը ևս 18 երկրի հետ ընդգրկվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքում՝ Freedom House կազմակերպության հրապարակած համացանցի ազատության վերաբերյալ  զեկույցի համաձայն: 

 

Հետխորհրդային երկրներից ազատ համացանց ունեցող երկրների թվում է նաև Վրաստանը: Freedom House-ը չափել է համացանցի և թվային մեդիաների ազատությունը 65 երկրում:

 

Հայաստանը հավաքել է 28 միավոր համացանցի ազատության սանդղակում: Յուրաքանչյուր երկիր ստացել է 0-ից (ամենաազատ) մինչև 100 (ամենաքիչ ազատ) թվային միավորը, որը որպես հիմք է ծառայել ազատ (0-30 միավոր), մասամբ ազատ (31-60 միավոր) և ոչ ազատ (61-100 միավոր) կարգավիճակներ տալու համար:

 

Համացանցի ազատության սանդղակում Վրաստանը հավաքել է 26 միավոր, Ադրբեջանը Թուրքիայի հետ հավաքել է 55 միավոր, Ռուսաստանը՝ 60:

 

Համացանցի ազատության սանդղակում առաջատար դիրքում է Իսլանդիան, որին հաջորդում են Էստոնիան և Կանադան, իսկ սանդղակը եզրափակում են Չինաստանը, Սիրիան և Իրանը:

 

«Համացանցի ազատությունը- 2014» զեկույցը ողջ աշխարհում համացանցի ազատության ամենամյա հինգերորդ համապարփակ ուսումնասիրությունն է, որը ներառում է 2013 թվականի մայիսից մինչև 2014 թվականի մայիսը տեղի ունեցած զարգացումները 65 երկրներում: Հետազոտության համաձայն՝ չորրորդ տարին անընդմեջ համացանցի ազատությունը ողջ աշխարհում անկում է ապրում, զեկույցում ընդգրկված 65 երկրներից 36-ում նույն ժամանակահատվածում գրանցվել է համացանցային ազատության բացասական հետագիծ:

Նույն շարքից