Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
Ինչպես խոստացել էի երեկ, արձագանքեմ ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակ քվեարկությանը:
Հայաստանի անկախացման "հեղափոխության" /չակերտները պատահական չեմ դնում/ անկյունաքարը Հայաստանի անկախության հռչակագիրն էր 1990թ.: Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացումը /գրեթե միաձայն ու ծափահարություններով/ կոնտրհեղափոխություն էր, ավելի ստույգ՝ ցույց տվեց, որ Հայաստանում անկախացման հեղափոխություն չի էլ եղել: Կոնտրհեղափոխությանը կողմ քվեարկեց մեծ "իսթեբլիշմենթը"՝ թիմը, որը ձեւավորվել է Հայաստանում երեք նախագահների կողմից: Որքան էլ տրոհված ու ֆրագմենտավորված, խմբակային հակասություններով, այդ թիմը, որի առանցքային դերակատարները բոլորը մնում են Լեւոն-Տեր-Պետրոսյանի կադրերը, միասնական են խոշորագույն հարցում՝ կոնտրհեղափոխության գործում: Այդ մեծ թիմի խմբակների տարաձայնությունները ընդամենը կապված են եղել եւ մնում աթոռակռվի, փողի ու տնտեսական լծակների հետ, եւ ոչ երբեք ազգային, անվտանգության հարցերի, ազգ-պետության մոդելի տեսլականի հետ: ԵՏՄ պայմանագիրը լավագույն լակմուսի թուղթն ու լուստրացիան էր այդ առումով: Թիմը միասնական է, տիկնիկավարը մեկը: