Առողջապահություն գլխավոր 

Ունենք 121 վիրավոր, որից 10-ը ծանր, 5-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. գնդապետ Կամավոր Խաչատրյան

Կայազորային հոսպիտալներ տեղափոխված վիրավոր զինվորների միայն մեկ դեպք է գրանցվել, որը եղել է Մարտակերտի հոսպիտալում, մնացած բոլոր դեպքերում յուրաքանչյուր վիրավոր զինվոր, ով հասել է վիրահատական սեղանին, փրկվել է. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ՀՀ ՊՆ ռազմաբուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Նման ցուցանիշը այդչափ վիրավորների պարագայում՝ նա աննախադեպ որակեց և նշեց, թե յուրաքանչյուր զինծառայող վիրավորի՝ ընդունված ժամային շրջանակներում ծառայությունն իրականացվել է՝ կրակի տակից դուրս են բերվել անձնակազմի կողմից, հետագայում որակավորված վիրահատական բուժում ստացել են հոսպիտալում:

Ընդհանուր վիրավորների թիվը, ըստ գնդապետի, ԶՈւ ամբողջ օպերացիայի ընթացքում 121 զինծառայող է: Ըստ նրա, վիրավորներից 5 զինծառայողների վիճակը ծայրահեղ ծանր է, 10-ը ծանր են, մյուսները թեթև բեկորային վիրավորումներ ունեն, որոնք կապաքինվեն և կուղարկվեն զինվորական ծառայության վայր:

«Ծանր վիրավորների մասով առավոտվա դրությամբ ունեինք 5 վիրավոր, քիչ առաջ զեկուցեցին, որ ծայրահեղ ծանրից մեկն արդեն ծանր է՝ ապարատը անջատվել է, կոնտակտ կա: Բայց քիչ առաջ նորից մեկ վիրավոր ընդունեցինք ծայրահեղ ծանր վիճակով, և հինգը պահպանվում է»,-ասաց նա:

Ըստ նրա, Երևանի հոսպիտալում կա 32 վիրավոր:

Կամավոր Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ առաջնագծում օգնության հասնելու համար սանիտարական մեքենաներից մեկը ոչնչացվել է՝ այն դեպքում, երբ վրան սանիտարական խաչ կա, և միջազգային կոնվենցիաներով արգելված է կարմիր խաչի վրա կրակել։ Սակայն ադրբեջանական կողմը կրակել է, և արդյունքում մեկ մեքենայի կորուստ եղել է, բայց մարդկային զոհ՝  ոչ, նաև բժշկական անձնակազմից վիրավորում չի եղել:

ՀՀ ՊՆ ռազմաբուժվարչության պետը նաև նշեց, որ թեև հոսպիտալում պլաստիկ վիրահատություններ կատարել ընդունված չէ, բայց իրենք ամեն ինչ արել են, որ վերջույթները փրկեն:

«Մենք ընդհուպ մեկ վիրավորի ենթածնկային զարկերակի մեծ դեֆեկտի պարագայում պլաստիկ վիրահատում ենք կատարել։ Պայքարը գնում է ոչ միայն կյանքի համար, այլ՝ հետագա հաշմանդամությունը կանխելու։ Երկու վիրահատություն է արվել, որի արդյունքում վերջույթները պահպանել են, կանխվել ամպուտացիաները»,-ասաց նա:

Նույն շարքից